Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ չի տարվել իր կամքին հակառակ. ԱԺ նախագահ

ՄՄերի Եգորյան

Մոտ 2000 տարի առաջ ասված է՝ Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսեր: Եվ մենք էլ, հետևելով այս օրինակին, զատենք տարբեր երևույթներ իրարից: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկմանը:    

Նա նշեց, որ շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության, խորհրդարանական խմբակցության ղեկավար է: «Հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը: Առաջարկում եմ տարանջատել գործի քաղաքական և իրավական հատվածը: 

Մենք բոլորս մեր գնահատականներն ունենք ԲՀԿ-ի նկատմամբ, մեր վերաբերմունքը, բայց պիտի զերծ մնամ հիմա արտահայտել, որպեսզի որևէ դիրքորոշում չարտահայտվի, ուղղորդում իրավական համակարգին կամ անմեղության կանխավարկածի ոտնահարում: Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կամ այն մասնակցությանը օրենքով արգելված արարքին»,- նշեց Միրզոյանը: 

Նա հարց ուղղեց՝ ականջահաճո՞ է, որ որևէ քաղաքական ուժ պահանջում է  կառավարության հրաժարականը, պատասխանը՝ ոչ, բայց, ըստ նրա, իրենք պայքարել են հենց նրա համար, որ մարդիկ կարողանան պահանջել կառավարության հրաժարականը՝ անկախ նրանից՝ հանրությունը համաձա՞յն է, թե՞ ոչ:  

Ինչ վերաբերում է աշխատատեղերը կորցնելու վտանգին, ԱԺ նախագահն ասաց, որ չի կարելի աշխատատեղերի փակմամբ շանտաժ անել և ձեռքերն ազատել օրենքի առջև պատասխանատվությունից: «Օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ նրանից՝ կուսակցության ղեկավար են, գործարար են, ներդրումներ բերում են, թե ոչ: Քաղաքական կշիռը չի ազատում պատասխանատվությունից:  

Մենք հուսով ենք, որ քննությունը կպարզի, որ Գագիկ Ծառուկյանը մեղք չունի իրեն մեղսագրվող արարքում, և նրան հետ կընդունենք խորհրդարան: Եթե լինի հակառակը, ապա ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կրեն օրենքով սահմանված պատասխանատվություն: 

Որևէ մեկը որևէ մեկին թող չսպառնա, ամեն ինչ պետք է ընթանա օրենքների և Սահմանադրության համաձայն»,- ընդգծեց Ա.Միրզոյանը: 

Նա նաև հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ, նա չի կարող զրկվել ազատությունից, քանի դեռ ԱԺ-ն չի տվել իր համաձայնությունը: Նա գնացել է ԱԱԾ՝ իր համաձայնությամբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում