Քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ խիստ սահմանափակումների կիրառումը. վարչապետ

ԱԱրման Գալոյան

«Պարետատան նիստում քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ: Սակայն վարչապետը նշեց, որ այդ քննարկումների համատեքստում ինքը ներդաշնակ չէ որոշումներից որևէ մեկի հետ:

«Նման որոշումներ կայացնելուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ պարետատունը ելնում է կանխավարկածից, թե կորոնավիրուսի համաճարակի  գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին: Սակայն ըստ վարչապետի՝ այդ տեսակետը հիմնավորող ու ապացուցող որևէ տվյալ չկա: Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ կորոնավիրուսի գագաթնակետը լինելու է հունիսին, այլ ոչ թե հոկտեմբերին, դեկտեմբերին կամ 2021 թ. փետրվարին:

Ըստ նրա՝ վարակը շարունակվում է աշխարհում՝ տարածման տարբեր տեմպերով, և այդ առումով շատ են անորոշությունները:

«Իմ պատկերացրած հիմնական լուծումը, որին շարունակում եմ հավատալ, իրականության փոփոխությունը, այնուամենայնիվ, անհատական վարքագծի փոփոխությունն է,- նշեց նա՝ հավելելով,- ենթադրենք ինչ-որ հրաշքով այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշները ՀՀ-ում դարձել են զրո: Բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի, անհատական հիգիենայի, հակահամաճարակային կանոնների պահպանման մշակույթը չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ մենք բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակվածները գալու են Հայաստան ու մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»:

Վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ պետք է միասին կարողանանք խնդիրը լուծել, անհատական վարքագծի զանգվածային փոփոխությամբ:

«Հավատում եմ ՀՀ  քաղաքացուն, հավատում եմ մեզանից յուրաքանչյուրին»,- ասաց նա:

Միաժամանակ, սակայն, Փաշինյանը զգուշացրեց՝ եթե պարետատունը դեռ չի որոշել կիրառել պարետային ժամ ու խիստ սահմանափակումներ, դեռ չի նշանակում, որ վաղը նման որոշում չի կայացվի:

«Իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու առայժմ ծանրանում է: Բայց և հավատում եմ, որ մեր յուրաքանչյուրի վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»,- շեշտեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում