Համավարակից հետո Մարուքյանը հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ. Ռուբինյան

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նստաշրջանի օրակարգի վերաբերյալ իր ելույթում դժգոհեց, որ ընդդիմադիր Գևորգ Պետրոսյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց նախազգուշացում դիմակ չկրելու համար։

«Երկակի ստանդարտների էս փորձը ինչի՞ց ա գալիս։ Երբ հարձակվում են բռունցքներով պատգամավորի վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրել 1 օրով, 7 օրով։ Դրանից հետո էլ, երբ վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք, չէ՞, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը գոնե ինչ-որ իրավիճակներում պետք է մնա կամ գոնե պետք է երևա անաչառ»,- նշեց Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հանդես գա որպես ՔՈՎԻԴ-19-ի համազեկուցող, պետք է նայի տեսնի՝ 47 անդամ-պետություններում մարդու իրավունքները ոնց են խախտվել կորոնավիրուսի ժամանակաշրջանում։

«Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվել, և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը։ Հետևաբար, դուք ինչպե՞ս եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու»,- նշեց Մարուքյանը։

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այս պայմաններում, երբ օրական մի քանի հարյուր նոր դեպք են գրանցվում, մի քանի մահ, կռվում է դիմակ դնելու պահանջի դեմ։

«Էս մարդը եկել կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ես նաև սպասում եմ, որ վաղը պարոն Մարուքյանը գնալու է ասուլիս տա ու ասի, որ, այ, դիմակ չկրելը օգտագործում են, որ լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համավարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- նշեց Ռուբինյանը։

Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին անդրադարձավ Մարուքյանի խոսքին ու հաստատեց, որ քննարկվում է իր  թեկնածությունը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանությունը Քովիդ-19-ի ժամանակ թեմայով համազեկուցմամբ հանդես գալու համար՝ հավելելով, որ քննարկվում է նաև, որ Վարդանյանը կարող է անաչառ չլինել որոշ երկրների հանդեպ, բայց այդ երկիրը հաստատ Հայաստանի Հանրապետությունը չէ։

«Ես օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 երկրների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կդիտվի արժանի՝ այդ զեկույցում արձանագրելու։ Բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ՝ չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Վարդանյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում