Նախարարը չի բացառում, որ դիմակ կրելը պարտադիր լինի մեկ կամ երկու տարի

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ դեռ մի քանի տարի դիմակ կրելը լինի պարտադիր:

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ պարետի ցուցումով պարտադիր է լինելու այնքան, որքան  անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ վիրուսի տարածումը կանխելու համար, և ես չեմ բացառում, որ դա լինի մեկ-երկու տարի: Հետևաբար, ես բազմիցս նշել եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի: Դա չի նշանակում, որ պետք է դիմակներ կրել այնպես, ինչպես անցնում է իրենց մտքով: Կան դիմակներ կրելու կանոններ՝ սկսած դիմնակները հանելուց: Եվ մենք պետք է այդ մշակույթն ու սովորույթը մեր մեջ ձևավորենք այնպես, ինչպես ամեն առավոտ կամ երեկո լվանում ենք մեր ատամները»,- պարետատան ասուլիսի ժամանակ նշեց նախարարը:

Թորոսյանը անդրադարձավ նաև այն մարդկանց, որոնք առողջական խնդիրներից ելնելով չեն կարողանա դիմ կրել:

«Ես ենթադրում եմ, որ այդ մարդիկ պետք է հսկողության տակ լինեն և ոչ թե ինչ-որ աշխատավայրում վտանգի ենթարկեն այլոց առողջությունը: Տնտեսավարող սուբյեկտներում, արտադրամասերում կանոնների պահպանելը թողնված չէ միայն քաղաքացիների ինքնագիտակցության վրա: Այդ ամեն ինչի նկատմամբ սահմանվում է հսկողություն, և մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես են կանոնները չպահպանող տրանսպորտային միջոցները տեղափոխվում տուգանային հրապարակներ, փակվում են խանութները, որ հասկանան՝ կանոն չպահելը իրենց ձեռնտու չէ, իրենք պարտավոր են պահել կանոնները ի բարօրություն իրենց բիզնեսի, որ կարողանան շարունակել աշխատել»,- հայտարարեց Թորոսյանը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է հետևել կանոնների պահպանմանը՝ հույս չդնելով քաղաքացիների ինքնագիտակցության վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում