Պարետատունը քննարկում է և բաց, և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը. վարչապետ

ՆՆարե Ոսկանյան

Արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու մասին Կառավարության որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է գնան ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձեն համոզել, որ պահեն անվտանգության որոշակի կանոններ:

Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարությամբ,  բացի Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներից, կարևոր է յուրաքանչուր քաղաքացու անձնական պատասխանատվության մասնակցությունը:

«Մենք որևէ փոփոխություն չենք պատկերացնում, որևէ հարցի լուծում չենք պատկերացնում առանց հանրության և քաղաքացու մասնակցության՝ սկսած տնտեսական ծրագրի իրագործումից շարունակած առողջապահական հարցերի և այս ճգնաժամի լուծումը»,- ընդգծեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքացիներին առաջարկվելու են պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում են, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով: Փաշինյանն ընդգծեց՝ նախ պետք է պահպանել սոցիալական հեռավորություն կամ շփվել միայն դիմակների առկայության դեպքում: 

«Դիմակների առկայության պարագան էլ շատ կարևոր է, որովհետև մարտին մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ այսօր Հայաստանում կա արտադրություն, որը 100 տոկոսով  կարող է բավարարել մեր կարիքները և դեռ մի բան էլ արտահանել: Պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք պե՞տք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման: Այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ երկրորդ կանոնն էլ չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելն է՝ հատկապես աչքերի, քթի, բերանի հատվածում: Նրա խոսքով՝ պետք է օգտվել նաև այնպիսի սպասքից, որը ջերմային մշակում է անցել կամ մաքրվել է համապատասխան նյութերով: Փաշինյանը նշեց, որ այդ կանոնների պահպանման համար առանձնահատուկ պատասխանատվություն պետք է դրվի  Հայաստանում գործող հանրային սննդի օբյեկտների վրա: Վարչապետը նաև հիշեցրեց, որ բիզնեսի բոլոր տեսակների համար պարետատունն արդեն սահմանել է կանոններ:

«Արտակարգ դրության ռեժիմը անհրաժեշտ մի գործիք է, որը անհրաժեշտ կլինի կիրառել ըստ իրավիճակի: Մենք որքան մտածեցինք բոլոր հնարավոր պարագաները այլ գործիքներով փորձենք կառավարել, բայց կա մի պարագա, որն իրականացնելու համար կարծես թե միայն արտակարգ դրության գործիքն է կիրառելի: Դա այն դեպքն է, երբ կոնկրետ բնակավայրում անհրաժեշտ է փակել  մուտքը և ելքը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հնարավոր է լինեն նաև այնպիսի զարգացումներ, երբ պարետատան գործունեությունը որոշակի կանոններ պարտադրելու համար անհրաժեշտ կլինի, իսկ  պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում