Քրեական օրենսգրքի ատամները բավական սուր չեն. ԱԺ պատգամավոր

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց, որ որոշ մասնագիտական խմբերի նկատմամբ հանրային սխալ ընկալումների զարգացման միտում է նկատվում: Ըստ նրա՝ խոսքը իրավապահների, փաստաբանների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների մասին է: Պատգամավորը շեշտեց, որ պետք է հանրությունը փորձի շտկել այն: 

«Կան օրինազանց քաղաքացիներ, որոնք պարբերաբար միտումնավոր բառային և ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկում այս մասնագիտական խմբերին:  Երբեմն այս ոտնձգությունները հատում են օրենքի սահմանները: Այս օրինազանց քաղաքացիներով պետք է զբաղվեն իրավապահները: 

Կան նաև քաղաքացիներ, որոնք պարբերաբար իտումնավոր բառային կամ ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկում այս մասնագիտական խմբերին, սակայն Քրեական օրենսգրքի ատամները բավական սուր չեն այս ոտնձգությունները որպես հանցագործություն ձևակերպելու համար: Մենք՝ օրենսդիրներս, այստեղ պետք է սրենք այդ ատամները»,- ասաց պատգամավորը՝ որպես օրինակ մատնանշելով ատելության խոսքի դեմ օրենսդրությունն ամրապնդող աշխատանքային խմբի գործունեությունը: 

Պատգամավորը նաև ցանկացավ անդրադառնալ փաստաբաններին՝ որպես մասնագիտական խմբի: Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում այսօր ընթանում են դատավարություններ, որոնք հանրային մեծ հնչեղություն ունեն: «Այդ դատավարությունները կապ ունեն  նախահեղափոխական անցյալի հետ՝ այն համակարգային անարդարության կեղեքման, ճնշման հետ, որի էջը մենք փակել ենք  քաղաքական առումով, բայց  որոնց շուրջ շարունակվում են իրավական  գործընթացները»,- ասաց Կարապետյանը:

Նա ժողովրդավարական ձեռքբերում համարեց իրավական գործընթացների շուրջ հանրային ազատ քննարկումը՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող սահմանափակել քաղաքացիների ազատ միտքը և խոսքը: Ըստ Կարապետյանի՝ քաղաքացիներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն թույլատրելիի սահմաններում: Հորդորեց քաղաքացիներին, որպեսզի նաև իրենց աջակցությունն արտահայտեն ՀԿ-ներին, լրագրողներին ու իրավապահպահներին, քանի որ նրանք ևս կատարում են հանրային շահի պաշտպանության գործառույթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում