ՌՌոզա Խաչատրյան

Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել 70 000, իսկ արտակարգ դրությունից ի վեր՝ 23 000 քաղաքացի․ ՀՀ վարչապետ

Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել 70 000, իսկ արտակարգ դրությունից ի վեր՝ 23 000 քաղաքացի․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում «Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը» ներկայացնելիս, անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում և Հայաստանում ստեղծված ճգնաժամին, Կառավարության ձեռնարկած քայլերին, հակաճգնաժամային միջոցառումներին։

Փաշինյանը ներկայացրեց, թե հակաճգնաժամային 16 միջոցառումներն ինչ արդյունք են տվել։ Վարչապետը նախ ընդգծեց՝ կարևոր է, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մենք շուկայական կոլապս չունեցանք, ցուցափեղկերը երբեք չդատարկվեցին, գնաճն էլ հնարավոր եղավ կառավարել։

«2020 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է 620,905 աշխատատեղ։ Խոսքը այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ։ Փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ։ 2019-ի ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ Հայաստանում աշխատատեղերը հատել են 600 հազարի սահմանը։ Բայց ՀՀ-ում ապրիլի 20-ի հաշվետվությամբ՝ ավելի շատ աշխատող մարդ է եղել, քան փետրվարին։ Ընդ որում՝ ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 միլիարդ 883 միլիոն դրամ, իսկ փետրվարին՝ 119 միլիարդ 700 միլիոն դրամ։ Այսինքն՝ ապրիլի դրությամբ ՀՀ-ում քաղաքացիները մոտ 4 միլիարդով ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։

Արձանագրում եմ, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին», նշեց վարչապետը։

Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ վարչապետը նշեց, որ դրանց հետ կապված՝ Կառավարությունն իրականացրել է 4 ծրագիր, և այդ նպատակով մոտ 5 միլիարդ դրամ է փոխանցվել:

«Մեր փոխանցած 5 միլիարդ դրամից մոտ 2 միլիարդը հաշիվներին նստել է որպես կանխավճար։ Մոտ 800 միլիոն դրամ որպես կանխավճար փոխանցվել է անապահով խավի բաժանորդների հաշվին։ Մոտ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն։ Իմ կոչն է՝ նրանք, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, գտնեք ձեր շրջապատում մարդ, որը որոշակի կարիք ունի, և աջակցել այդ մարդուն»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց, որ Կառավարությունը կարողացել է կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։

«Բայց թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ անցնում է։ Ճգնաժամը նոր-նոր սկսվում է։ Մենք արձանագրում ենք, որ առնվազն մինչև մյուս տարվա մայիս մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ։

Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրության հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ այս տարի կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտներ կվերանորոգվեն, կհիմնանորոգվեն ու կվերակառուցվեն։ Սրա նպատակը արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին աշխատանքով ապահովելն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում