ՆՆարե Ոսկանյան

Ինչպե՞ս վերահսկել ծրագրերը՝ չիմանալով դրանք որոնք են․ ԼՀԿ-ական պատգամավոր

Ինչպե՞ս վերահսկել ծրագրերը՝ չիմանալով դրանք որոնք են․ ԼՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների նախագծի քննարկումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հայտարարեց՝ երբ ընդունվում էր 2020 թվականի պետական բյուջեն, ընդհանուր ծավալը 24 էջ էր։ 268 էջ կազմում էին հավելվածները, ընդ որում, միայն 1-ին հավելվածը 221 ծրագիր էր ներկայացնում։ Ըստ նրա՝ այդ ծրագրերում ամփոփված էին պետության գործողությունները:

«Բերում եք օրենքի նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է փոփոխություններ կատարվեն 1-ին հավելվածում, որը ներառում է ամբողջ պետական ոլորտի ֆինանսավորումը, ու չեք տալիս, թե ինչպես պետք է ֆինանսավորումը կատարվի, կամ ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարությունն ասում է՝ այս անորոշության պայմաններում չի կարող ասել, թե որ ծրագրեր կարող են կյանքի կոչվել, որոնք՝ ոչ:

«Որոտան - Արփա - Սևան թունելի 205 մլն դրամը փոխանցելու է կառավարությո՞ւնը, թե՞ ոչ, ճանապարհների համար հատկացված 83 մլրդ դրամը կառավարությունը պատրաստվո՞ւմ է  ծախսել, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ այդ և մի շարք այլ ծրագրերի լինել-չլինելուց է կախված, թե ընդհանուր պետության զարգացումը ինչպես կգնահատեն հետագայում։

Պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով՝ կորոնավիրուսը մինչև տարեվերջ էլ չի ձգվելու, բայց բերվում է փոփոխությունների ընդհանուր նախագիծ, որն ազդում է մինչև տարեվերջ բյուջետային գործընթացի ու դրա կարգավորման վրա։

«Ինչո՞ւ չեք բերում եռամսյակով։ Բերեք ըստ հավելվածների փոփոխությունները՝ այս պահի դրությամբ։ Ազգային ժողովը մոբիլ է, հասանելի է, ցանկացած պահի կարելի է նիստ հրավիրել ու ցանկացած դեպքում փոփոխություն անել օրենքում»,- նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է քաղաքական միջոցառումներ իրականացնել՝ հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք օգտագործելով։ Նպատակը  սպասվող տնտեսական բացասական զարգացումները մեղմելն ու արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծելն է։ Առաջարկվում է 150 մլրդ դրամանոց փաթեթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում