Հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը. ավարտական կուրսերի ուսանողների 2-րդ կիսամյակի վարձը կփոխհատուցվի 100%-ով

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջացառումը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք ՀՀ քաղաքացի են։

Տեղեկացրեց, որ շահառուները պայմանականորեն բաժանվել են երեք խմբի.

  • որոշմանը կից հավելվածում ընդգրկված բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողներ։ Նրանց ՄՈԳ-ը ուսումնական տարվա սկզբից մինչև 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի ավարտը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսը.
  • երկրորդ խումբը հավելվածում ընդգրկված բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բակալավրատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի՝ բացառությամբ ավարտական, ուսանողներ։ Նրանց հանրագումարային ՄՈԳ-ը 2019-20 ուստարվա առաջին կիսամյակի ավարտին պետք է կազմեր ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոսը.
  • երրորդ խմբում պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի  բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներ՝ ուսանողական վարկերի մասով։

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ ավարտական կուրսերի սովորողների համար որոշվել է, որ 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվելու է։

«Եթե 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, ապա այս միջոցառման շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով»,- ասաց նախարարը։

Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, եթե վճարումը կատարվել է ֆիզիկական անձանց կողմից։

Մագիստրատուրան և կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում այդ գումարը վերադարձվում է նաև, եթե բակալավրիատի ուսանողներ են և մագիստրատուրայում ուսումնառությունը չեն շարունակում կամ անվճար ուսուցմամբ են մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակում։

«Այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի վարձը, կարող են հրաժարվել այդ աջակցությունից։ Ուսանողական վարկի միջոցով վարկ վճարած լինելու դեպքում աջակցությունը ուղղվում է վարկի մարմանը։ Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մյուս կուրսերի համար սահմանել են՝ 90 և ավելի ՄՈԳ ունեցող  ուսանողներին տրվում է վարձի 70 տոկոս չափի փոխհատուցում։ Այն սովորողները, որոնք 2019-2020 ուստարում ստացել են պետության  կողմից ուսման վարձի փոխհատուցում, ապա այս միջոցառմամբ փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով։

«Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի  ուսումնական վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված  վճարում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այն ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն  արժեքի 80 և ավելի տոկոսը, նոր տրամադրվող ուսումնական  վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից։ Այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։

«Այն խմբերը, որոնք կվերցնեն վարկեր, և նրանց ՄՈԳ-ը 80-ից ցածր կլինի, ապա  մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը նրանց տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։ Զրոյացում է տեղի ունենալու նաև բոլոր այն վարկառուների համար, որոնք արդեն ունեն ուսանողական վարկեր։ 80 և ավելի տոկոս ունեցողների համար՝ 0 տոկոս, եթե ՄՈԳ-ը 80 տոկոսից ցածր է՝ 4 տոկոսով»,- տեղեկացրեց նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում