ԱԱրման Գալոյան

Անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ. Լ.Նազարյան

Անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ. Լ.Նազարյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ շեշտելով, որ հաջորդիվ անելիքները ՀՀ գլխավոր դատախազության տիրույթում են:

«Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը։ Ձեռնպահ մնաց միայն «Լուսավոր Հայաստանը»: Դեռ երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ զարտուղի կամ դանդաղ, բայց իր հունով:

Օրենքը կոչված է պետությանը, այսինքն՝ հանրությանը, վերադարձնելու պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը։ Այսպիսով մեր քաղաքական հանձնառությունը, իհարկե, այս պահին դեռ միայն օրենսդրական մակարդակում, իրականացված է:

Հաջորդիվ անելիքները ՀՀ դատախազության տիրույթում են, և, իհարկե, դա էլ իր հերթին հանրային և խորհրդարանական վերահսկողության ներքո պետք է պահենք։ Դատախազությունն այս գործերով տարեկան հաշվետվություն է ներկայացնելու:

Առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ։ Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի։

Հետևաբար հաշտեցման և արդարության վերականգնման ամենից ընդունելի եղանակն է դառնում այս օրենքի առաջարկած մեխանիզմը՝ քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձը, որը, սակայն, չի հանգեցնում ազատազրկման կամ այլ պատժաձևի։

Այս ճանապարհին բոլորս պետք է զինվենք համբերությամբ, ինչպես նաև հետամուտ լինենք, որ իրավապահ մարմինները, որոնք հիմնական դերակատարներն են այսուհետ, պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։
Եթե կա կասկած, որ ունեցվածքն ապօրինի է, ապա ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա, և գույքը բռնագանձվում է, եթե պատասխանողը չի կարողանում ապացուցել դրանց ստացման օրինական աղբյուրը։

Ունեցվածքի ուսումնասիրության ժամանակահատվածը ներառում է վերջին 10 տարին, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են փաստական ապացույցները, մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ը: Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է»,- գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում