ՎՎարդան Հովսեփյան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է՝ խնամքով օգտագործել քաղաքի գույքը

Երևանի քաղաքապետարանը հորդորում է՝ խնամքով օգտագործել քաղաքի գույքը

Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութ, որում անհայտ անձինք գողանում են Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների ստորգետնյա անցումի լամպերը: 

«Անընդհատ քաղաքացիներից զանգեր էինք ստանում, որ անցումը լուսավորված չէ: Շաբաթը մի քանի անգամ նոր լամպեր էին տեղադրվում «Երքաղլույս» ընկերության կողմից, սակայն ահազանգերը շարունակվում էին»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Այսօր տարածքում նաև հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը: Սա համայնքային գույքը գողանալու կամ վնասելու միակ դեպքը չէ:

«Մոտ մեկ շաբաթ առաջ Կոմիտասի անվան զբոսայգում քաղաքացիները կոտրել էին աղբամաներն ու թափել աղբը»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:

Անցած տարի ու նաև այս օրերին շատ են քաղաքային աղբարկղերն ու աղբամաններն այրելու դեպքերը: Անզգուշությո՞ւն, թե՞ դիտավորություն: Երկու դեպքում էլ օրենքը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում՝ քրեական:

«Բացի նրանից, որ ամբողջությամբ պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե պարզվում է, որ այն գերազանցում է 5 հազար դրամը, ապա, դիմումի հիման վրա, կարող են հարուցվել քրեական գործեր»,- մանրամասնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը:

2019-ին ոստիկանությունը Երևանում արձանագրել էր պետական գույքի գողության և վնասելու 41 դեպք, բացահայտվել է 13-ը: 2020-ի 6 դեպքից 3-ը բացահայտված են: Դրանց մի մասը եղել էր անզգուշության հետևանքով, մի մասը՝ դիտավորությամբ: Հիմնական թիրախները ստորգետնյա անցումներն են, վերելակները:

«Ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվում է նաև ամենօրյա հսկողություն: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում ենք նաև որոշակի վայրերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը»,- հավելում է Նարեկ Խաչատրյանը:

Քաղաքային գույքը՝ ճանապարհային նշանները, հենապատերն ու եզրաքարերը, հաճախ վնասվում են անզգույշ վարորդների պատճառով և ճանապարհային վթարների ժամանակ:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ խնամքով օգտագործել և պահպանել քաղաքին պատկանող գույքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում