ԹԹերեզա Կասյան

Չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա. Փաշինյան

Չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է անհանդուրժող լինել աղբի նկատմամբ: Այս մասին Փաշինյանն ասել է դեկտեմբերի 21-ին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ընթացքում։

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և աղբի տակ է գտնվում մեր երկիրը: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք, կարծես, աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այստեղ կա մակրո-, տեղային և անհատական խնդիր:

«Մակրոխնդիրը աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և, մյուս կողմից՝ այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում