Խաժակյանը դեռ կարող է քաղաքապետ դառնալ. Մարուքյան

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գործունեությունը շարունակելու հարցը: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ որոշումը պայմանավորված է խմբակցության մյուս անդամների գործողությունների պատասխանատվությունը չկրելու հանգամանքով: 

«Ինչպես գիտեք, մեր կուսակցությունն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ Երևանի ավագանիում, և մյուս բոլոր անդամների գործողությունները վերագրվում են ԼՀԿ-ին: Իսկ մենք չենք ցանկանում  որևէ պատասխանատվություն կրել Երևանի ավագանիում ներկայացված մյուս կուսակցության անդամների նկատմամբ, որոնք ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորել են «Լույս» դաշինքը»,- հայտարարեց Մարուքյանը:

Պատգամավորը նաև ասաց, որ ավագանու նիստի երեկվա ելույթներից հետո պետք է արձագանքեին, և սա այդ արձագանքն է: Այս պահին Դավիթ Խաժակյանը դեռ «Լույս» խմբակցության ղեկավարն է, ինքը նաև պետք է հայտնի ցանկություն ու տա համաձայնություն:

Մարուքյանը հերքեց նաև այն, որ իշխանության մեսիջները կարող էին ազդել այս որոշման վրա:

«Խաժակյանը չի կորչի և հնարավոր է՝ մի օր առաջադրվի քաղաքապետի պաշտոնում: Մենք Խաժակյանի գործունեությունից բավականին գոհ ենք, նա կարևոր օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց Մարուքյանը, հավելելով, որ նիստից լուսաբանվում է ոչ թե փաստարկված մեղադրանքը քաղաքապետին, այլ՝ սարկազմը: 

Պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ այդ ամենն անուղղակի անդրադառնում է ԼՀԿ-ի վրա: «Հնչում են մեղադրանքներ ոչ թե մեր անդամի, այլ՝ մյուսների պատճառով, հետևաբար այդ պատասխանատվությունը կուսակցությունը ստանձնել չի պատրաստվում»,- ասաց Թանդիլյանը:

Ըստ Մարուքյանի՝ բովանդակային քննադատությունն այլևս չի դառնում ուղղություն: «Դավիթ Խաժակյանը ամբիոնից բացահայտեց պաշտոնական կեղծիք, բայց դրա լուսաբանումը չկա, լուսաբանվում է  ավագանու անդամի վիրավորանքը քաղաքապետին: Այդ աշխատանքը կորչում է, դա քաղաքացիները չեն տեսնում, իսկ նրանցից մենք բազմաթիվ զանգեր ու նամակներ ենք ստանում»,- ասաց Մարությանը, եզրափակելով, որ իրենք միայն իրենց անդամի պատասխանատուն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում