Փաշինյանը կոչ է արել Ամանորը միասին նշել

ՀՀ կառավարությունը Ամանորի տոների կազմակերպման համար հատկացրել է 270 մլն դրամ, և շատ կարևոր է, որ հանրությունն իմանա, թե մենք դա ինչի համար ենք անում: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Խնդիրն ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ, այլ սրանով մենք լուծում ենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր: ՀՀ շատ քաղաքացիներ, ՀՀ-ում հաստատված ավանդույթի համաձայն, Ամանորը նշում են երկրից դուրս, և մեր երկրից գումարներն արտահոսում են: Մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, և միջոցառումների այս կոմպլեքսն ունի այդպիսի նպատակ: Հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը չենք լուծի, և այդ ավանդույթը պետք է տարեցտարի ավելի ամրապնդվի:

Երկրորդ՝ մենք ուզում ենք խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Հիմա մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանում, և Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն չպիտի ունենա:

Երրորդ՝ ուզում ենք սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսանկյունից: Արժի՞ արդյոք այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում անապահով մարդիկ կան: Այն մթնոլորտը, որ ստեղծվում է հրապարակում, հնարավորություն է տալիս այդ մարդկանց իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում, բայց ուրախ նշել Ամանորը Հանրապետության հրապարակում: 

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին՝ Ամանորի օրերին այցելել թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ:  

«Եկեք իրար հետ նոր բովանդակությամբ, նոր տրամադրությամբ դիմավորենք 2020 թվականը: 2018 թվականը ՀՀ քաղաքացու տարին էր, 2019-ը ՀՀ քաղաքացու տարին էր, 2020-ը նույնպես ՀՀ քաղաքացու տարին է լինելու, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների տարին, ուստի Արցախից, Սփյուռքից, Հայաստանի մարզերից բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ միասին տոնելու 2020 թվականը»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ինքն իր ընտանիքով նույնպես հրապարակում է լինելու: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում