Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկօրյա բանակցությունները։ Նոյեմբերի 11-ի քննարկումները տևել են շուրջ 2 ժամ։ Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ օրակարգային հիմնական հարցը եղել է եվրոպական անվտանգության համակարգը։
Նրա խոսքով՝ որոշ հարցերի շուրջ հաջողվել է փոխհամաձայնության գալ, և ընդհանուր առմամբ Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով կողմերն ավելի են մոտեցել խաղաղությանը։
«Ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ Եվրոպայում անվտանգության համակարգը շատ վատ է աշխատում։ Մոսկվան ճիշտ է համարում հարցադրումը, թե ինչ տեսք կունենա անվտանգությունն Ուկրաինայում հակամարտության անխուսափելի ավարտից հետո»,– մանրամասնել է Մեդինսկին և հավելել՝ աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ, որը կբխի բոլորի շահերից։
Նրա խոսքով՝ եվրոպական կողմը նույնպես Աբու Դաբիում էր և շփումներ է ունեցել Վաշինգտոնի ու Կիևի թիմերի հետ, սակայն Մոսկվայի պատվիրակությունը չի հանդիպել եվրոպացի ներկայացուցիչների հետ և չի հասկանում բանակցություններում նրանց կարգավիճակը։ «Ռուսաստանի համար այդքան էլ պարզ չէ՝ ինչ կարելի է քննարկել Եվրոպայի հետ. նրանց կողմից ոչ մի առաջարկ չի եղել։ Երբ նրանց խիղճն արթնանա, հնարավոր է՝ կարողանան մասնակցել խաղաղ բանակցություններին»,– նշել է ՌԴ նախագահի օգնականը։
Մեդինսկին նշել է, որ քննարկումները շարունակվելու են, և միևնույն ժամանակ նախազգուշացրել՝ Ռուսաստանն այսպես թե այնպես վերադարձնելու է իր բոլոր հողերը։ Նա տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքներով որոշել են գերիների փոխանակում իրականացնել։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Աբու Դաբիում կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են ռազմագերիների փոխանակման հարցը՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» կամ «1500-ը՝ 1500-ի դիմաց» բանաձևով։
Զելենսկին նաև շեշտել է, որ Կիևը չի զիջի Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց խաղաղության համաձայնագիր առաջարկվի։ Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշներն էլ հայտնել է, որ առաջիկա ժամերին Սթիվ Ուիթքոֆի հետ կայցելեն Մոսկվա։ Նրա խոսքով՝ էական առաջընթաց են գրանցել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ուղղությամբ, սակայն այդ հարցով համաձայնագիր չի կնքվի, քանի դեռ չի լուծվել տարածքների հարցը, որն ամենաբարդն է։
Ամերիկացի բանագնացը հավելել է, որ ամերիկյան կողմը փորձում է բանակցություններին ներգրավել նաև եվրոպացիներին, և ինքն այդ հարցը բարձրացնելու է Պուտինի հետ հանդիպմանը։ Այնուհետև Քուշները և Ուիթքոֆը Դուբլինում կհանդիպեն Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների արդյունքները մեկնաբանել է Կիևի թիմի ներկայացուցիչ Դավիթ Արախամիան։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի դիրքորոշման պատճառով այս փուլն ամենաբարդերից մեկն է եղել։ «Այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերեցինք գերիների փոխանակման շուրջ։ Դա արդեն ձեռքբերում է։ Բացի այդ, երբ ամերիկյան կողմը վերադառնա Մոսկվայից, կհանդիպենք Դուբլինում՝ քննարկելու բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր ժամկետը։ Կարծում եմ՝ կարող ենք մինչև Նոր տարի լուծում գտնել»,– մանրամասնել է Արախամիան։
Մանրամասները՝ տեսաշարում։













