Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Բելառուսի տարածքում վերսկսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները։ «Եկեք խոսենք։ Առանց որևէ միջնորդության»,– նշել է Բելառուսի նախագահը։ Նա վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինայում հակամարտությունը չդադարեցվի, ապա այն կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Ըստ Բելառուսի նախագահի՝ Դոնալդ Թրամփը կարևոր գործ է անում դեէսկալացիայի հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի կարծիքով՝ առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմը կավարտվի։ «Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են»,– ասել է նա։ Լուկաշենկոն հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն արդեն ազդում է Բելառուսի տարածքի վրա, Մինսկն անում է հնարավորը, որպեսզի չներքաշվի հակամարտության մեջ։ «Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,– շեշտել է նա։ Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ հակամարտության սկզբից ի վեր Բելառուսն ընդունել է կես միլիոն ուկրաինացու։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։













