Ուկրաինական «Օդային տագնապ» պաշտոնական հավելվածը, որն օգտագործվում է բնակչությանը վտանգների մասին տեղեկացնելու համար ենթարկվել է կիբեռհարձակման: Օգտատերերը սկսել են ստանալ ճառագայթային ու քիմիական վտանգի մասին կեղծ հաղորդագրություններ, ինչպես նաև ծանուցումներ Կիևում փողոցային մարտերի սպառնալիքի մասին:
Միջադեպին առաջինն արձագանքել է Ուկրաինայի օդուժը։ Զինվորականները հայտարարել են, որ հավելվածը, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է «թշնամական ազդեցության», և ընդգծել , որ «ճառագայթային սպառնալիք չկա»: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ազդարարման համապետական համակարգն աշխատում է սովորական ռեժիմով, իսկ սպառնալիքների մասին բոլոր ազդանշանները փոխանցվում են մարզպետարաններին և փողոցային ազդարարման համակարգերին:
Գրեթե միաժամանակ հաքերային հարձակման մասին է հայտնել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Գերատեսչությունը տեղեկացրել է, որ իր բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբեռհարձակման», ինչի արդյունքում չարագործները կեղծ տեղեկություններ են ուղարկել օգտատերերին Ռուսաստանի վրա ենթադրաբար արձակված միջուկային մարտագլխիկների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մասնագետներն աշխատում են խոցելիությունը վերացնելու և ծառայության բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ:









