Տեսանելի և ամենաբարեհունչ նորություններից մեկն այն է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել e-gate-ի, այսինքն՝ էլեկտրոնային անցակետերի միջոցով։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչն է դրա առանձնահատկությունը. այն, որ որևէ ծառայողի հետ չի լինում կոնտակտ, և այդ համակարգն արդեն շատ երկրներում գործում է։
Առաջինը նման հնարավորություն կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, հետո նաև ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում՝ առանց բացառության»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հետագայում պետք է բանակցություններ սկսել նաև այլ երկրներում ՀՀ քաղաքացիների համար այս ծառայությունները հասանելի դարձնելու առումով՝ միաժամանակ հիշեցնելով, որ ամեն երկիր ունի իր կարգավորումներն ու առանձնահատկությունները, և որ փոխադարձաբար այդ ծառայությունները հասանելի դարձնելու օրակարգ կա։
«Ի՞նչն է առանձնահատկությունը. առանձնահատկությունն այն է, որ համեմատական բազային ինֆորմացիա պիտի լինի։ Երբ կենսաչափական անձնագիրը դրվում է, համակարգը պետք է ունենա համեմատելու ինչ-որ մի բան, թե արդյոք այդ մարդը հենց այն մարդն է, որի անունով ներկայանում է։
Հայաստանի դեպքում, երբ քաղաքացին իր երկրում է դա անում, ոչ մի բարդություն չկա։ Ինչո՞ւ, որովհետև բոլոր համակարգերը փոխգործելի են, և երբ քաղաքացին մոտեցնում է իր անձնագիրը համակարգին, համակարգն արագ բնակչության պետական ռեգիստրից կենսաչափական համակարգով ստուգում է՝ ինչքանով է տվյալը համապատասխանում իրականությանը։
Օտար երկրներում՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող օդանավակայաններում, նման ծառայություններից օգտվելու համար պետք է երկրների հետ ինֆորմացիայի փոխանակման որոշակի համակարգ ունենանք, և դա արդեն երկկողմ պայմանավորվածությունների խնդիր է»,– ասաց նա։










