Պատերազմը շարունակելու փոխարեն Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո խաղաղության հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան ռազմական հաղթանակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմավարությունն է ամբողջ Հարավային Կովկասը վերածել համագործակցության տարածքի։
«Չնայած երկու ժողովուրդների միջև չսպիացած վերքերին ու պատմական հիշողությանը` անհրաժեշտ է առաջ շարժվել և աշխատել կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - ընդգծել է Հաջիևը:
Նա հիշեցրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններն արդեն սկսվել են, հավելել, որ Բաքուն առաջարկում է Հայաստանին միանալ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցին՝ ստեղծելով նոր հնարավորություններ հաղորդակցությունների զարգացման համար։Ըստ Իլհամ Ալիևի օգնականի՝ կանաչ էներգիան նույնպես կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղաշինության և տնտեսական գործակցության բաղադրիչներից մեկը: «Տարածաշրջանում բաժանարար գծեր տանելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը և խուսափել Հարավային Կովկասի հետագա պառակտումից», - եզրափակել է Հաջիևը:
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։











