Սահմանազատման հանձնաժողովների հաստատված կանոնակարգի և, ընդհանուր առմամբ, մեր օրենսդրության տրամաբանությամբ՝ սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ և լինելու է իմպերատիվ և պարտադիր բոլորի համար՝ երկու երկրների համար։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին։
«Այն գործընթացները, որոնք իրականացվել են մինչ այդ, իհարկե, համատեղ աշխատանքներ են, իհարկե, պայմանավորվածություններ են, իհարկե, դելիմիտացիոն աշխատանքներ են, բայց դրանց ամփոփումը պիտի լինի երկկողմ պայմանագրում։ Ինչ վերաբերում է կանոնակարգից առաջ և կանոնակարգից հետո իրականացված գործողություններին, ես ձեզ կարող եմ ասել հետևյալը. այն, ինչ իրականացվել է 12,7 կիլոմետրի հետ կապված, եղել է Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզով առկա սահմանի վերականգնում՝ տոպոգրաֆիկ վերականգնում։ Տոպոգրաֆիկ աշխատանք, որով վերականգնվել է սահմանագիծը մի քարտեզի հիման վրա, որը Խորհրդային Միության ժամանակ եղել է պարտադիր երկու երկրների համար։ Եվ այդ քարտեզը կազմվել և հաստատվել է Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված կարգով և դարձել է իմպերատիվ երկու հանրապետությունների համար։ Հիմա, բնականաբար, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, որոնց հետ կապված՝ մենք հանգել ենք այն եզրահանգման, որ պարտադիր պիտի ստեղծվեն հանձնաժողովներ, և այդ հանձնաժողովների աշխատանքները պիտի ավելի ինստիտուցիոնալ լինեն, և աշխատանքները շարունակվեն կանոնակարգի հիման վրա՝ հանձնաժողովների համատեղ աշխատանքների միջոցով»,- նշեց Մհեր Գրիգորյանը։









