Քասախի և Երևանի գողությունները բացահայտվել են Մուղնիում. 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Գողության վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվել էին հոկտեմբերի 13-ին։ Գիշերը Քասախ գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել էին կենցաղային իրեր, իսկ մեկ այլ դեպքով կոտրել էին ավտոտնակի դուռը և տարել տարբեր սարքերավորումներ, նաև վնասել կայանված մեքենան։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ ստացվել էր տեղեկություն, որ Քասախ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից տարել են համարանիշը։

Մայրաքաղաքի կիսակառույց մի շինությունից էլ գողություն էր կատարվել հոկտեմբերի 15-ի գիշերը։ Այս անգամ վնասը կազմել էր ավելի քան հինգ միլիոն դրամ, իսկ գողոնը տեղափոխվել էր «Ֆորդ» մակնիշի բեռնատարով։

Նաիրիի համայնքային ոստիկանների ու Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հիշյալ բոլոր գողությունները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի իր բեռնատարով կատարել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում բնակվող 33-ամյա մի տղամարդ։

Հոկտեմբերի 19-ին հենց Մուղնիում տղամարդը ձերբակալվել և իր բեռնատարով հանդերձ տեղափոխվել է Նաիրիի համայնքային բաժին։ Նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ոչ միայն գողոնի մի մասը, այլև մշակված կանեփի 169 բույս և 14 փամփուշտ։

33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում