Փաթեթի ընդունումը պայմանավորված է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ՀՀ Կառավարության ենթակայությանը փոխանցելու, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն Պետական կառավարման ակտիվների կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե վերանվանելու անհրաժեշտությամբ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
Առնակ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին՝ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր սահմանել հունիսի 23-ը։ Այն կլինի աշխատանքային օր։
Նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։ Խորհրդանշական օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։










