Ասում եմ հրապարակային, որ բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, գնալու ենք, քանդելու ենք: Մարդիկ թող այս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին, որովհետև դուք ասում եք՝ դժգոհում են մեր հարգելի քաղաքացիները, իսկ մարդիկ դժգոհ չե՞ն, որ իրենց տարածքները վերցրել են: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում կրպակների և խանութների ապամոնտաժման գործընթացին:
«Ո՞ւմ տարածքն են վերցրել: Ի վերջո, դա Աջափնյակի և Երևանի բոլոր բնակիչների տարածքն է: Ձեզ դուր կգա՞, որ ձեր բակում մեկը գա, ուղղակի բուդկա դնի, որ hանրապետական կամ, չգիտեմ, ՔՊ-ական թաղապետի հետ մոտ է: Չպետք է լինի այդպիսի բան»,- ասաց Փաշինյանը:
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրությունների քվեարկության գիշերը Աջափնյակում կրպակներ էին տեղադրվել, որոնց ապամոնտաժման հրահանգը անձամբ ինքն էր տվել։ Նրա խոսքով՝ մայթերին ապօրինի տեղադրված կրպակները հետագայում վերածվել էին կապիտալ շինությունների, սակայն այդ խնդիրը լուծվել է։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ նման դեպքերի անթույլատրելիության մասին բազմիցս նախազգուշացվել է ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքի վարչական շրջաններում և բնակավայրերում։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Աջափնյակի Շինարարների փողոցում կրպակների և խանութների ապամոնտաժում է իրականացնում՝ մայթերն ազատելու, հանրային տարածքները վերականգնելու և տարածքը բարեկարգելու նպատակով։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ ապամոնտաժման ենթակա են այն կառույցները, որոնք չունեն համապատասխան իրավական հիմքեր։ Տարածքում նախատեսվում է նաև կանաչ գոտիների ձևավորում և մայթերի կառուցում։ Իրենց հերթին, խանութների և կրպակների սեփականատերերը պահանջում են դադարեցնել իրենց առևտրային տարածքների ապամոնտաժման գործընթացը:













