Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացվել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Այցին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Արփա–Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը, «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը, ինչպես նաև Ջրային կոմիտեի ոլորտային պատասխանատուներ։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Այցը մեկնարկել է Սպանդարյանի ջրամբարի տարածքից, որտեղ ակնադիտական ուսումնասիրության է ենթարկվել «Որոտան–Արփա» ջրային համակարգի գլխամասային ջրընդունիչ հանգույցը։ Մասնագետների հետ տեղում քննարկվել է Սպանդարյանի ջրամբարից «Որոտան–Արփա» թունելով, այնուհետև Կեչուտի ջրամբարով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխման հնարավորությունը։

Այնուհետեւ պաշտոնյաներն այցելել են Կեչուտի ջրամբար, «Արփա–Սևան» թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս և մուտք գործել թիվ 2 թունել, որտեղ առավել վթարային հատվածներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Թունելի՝ 30 կմ ընդհանուր երկարության 15-րդ կիլոմետրի հատվածում տեղում դիտարկվել է աշխատանքների ընթացքը, քննարկվել են թունելի հետագա անվտանգ և արդյունավետ շահագործման հետ կապված հարցեր։
Ս.թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականի մարտի 30-ին։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է պահպանել «Արփա–Սևան» թիվ 2 թունելի՝ 20 խորանարդ մ/վրկ ջուր տեղափոխելու թողունակությունը։










