Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր

Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր

Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։

Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի Հովեյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գավառի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Մուրադյանը և «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական մանկավարժ Լիլիթ Շահբազյանը։

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներին, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներին, ինչպես նաև իրավասու մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության լիազորություններին։

Ներկայացվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու իրավունքների պաշտպանության հասանելի մեխանիզմները։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև դրական ծնողավարման կարևորությանը, երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու նման դեպքերին արդյունավետ արձագանքման անհրաժեշտությանը։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու համապատասխան պարզաբանումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում