Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքին: Հարվածի տակ է հայտնվել հինգհարկանի բնակելի շենքը, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, ևս 50-ը վիրավորվել են, այդ թվում՝ 7 երեխա:
Ռուսական օդուժը հարձակվել է նաև Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքի չորս բարձրահարկ շենքի վրա: Երկու մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել: Երկու մարդ է զոհվել նաև Կիևի վրա կատարված հարձակման հետևանքով:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի մի քանի շրջանների, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի, Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերի վրա արձակել է հականավային և բալիստիկ հրթիռներ, 48 թևավոր հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ՀՕՊ-ը ոչնչացրել է թշնամու 161 թիրախ (5 բալիստիկ հրթիռ, 39 թևավոր հրթիռ և 117 անօդաչու թռչող սարք)։ Հարվածներ են հասցվել 18 վայրում։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է նաև Ուկրաինայի արձագանքի մասին ռուսական հարվածներին: Նա ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանում մի քանի թիրախի, այդ թվում՝ Սև ծովում: Դա, հավանաբար, վերաբերում է Սոչիի մոտ նավթատարի վրա երեկ տեղի ունեցած հարձակմանը՝ գրում է BBC-ն:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ԵՄ-ն համաձայնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին, որը ներառում է Ռուսաստանի զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության հետ կապված մոտ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձի՝ հաղորդում է AFP-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:










