ԵՄ Խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական ապրանքների առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները

Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով ԵՄ Խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական ապրանքների առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ֆոնին: Այդ միջոցառումները թույլ կտան ազատականացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ չեղարկելով ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ ասված է ԵՄ պաշտոնական կայքում:
Ժամանակավոր արտոնյալ միջոցները կգործեն երկու տարի:
«Դրանք կնպաստեն ՀՀ-ից ԵՄ առևտրային հոսքերի աջակցմանն ու ամրապնդմանը՝ համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակների: Արտոնյալ մեխանիզմը նախատեսում է որոշակի պայմաններ և ներառում պաշտպանական միջոցներ ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ այդ միջոցառումները հանձնաժողովի առաջարկով հաստատվել էին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում:
«Մենք ուժեղացնում ենք մեր աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք, չնայած արտաքին ճնշումներին՝ միանշանակ ընտրել են եվրոպամետ ճանապարհը: Այսօրվա որոշումը կօգնի Հայաստանի տնտեսությանը, որը տուժել է առևտրային սահմանափակումներից և ցույց կտա, որ մեր գործընկերները միշտ կարող են հույս դնել ԵՄ-ի վրա»,- հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄըքԷնթին:
Որոշումը կստորագրվի և կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում: Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից:
Դիտումներ126









