2029-ի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները կհաճախեն ժամանակակից պայմաններով հրաշալի կրթահամալիր. ԿԳՄՍ նախարար

2029-ի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները կհաճախեն ժամանակակից պայմաններով հրաշալի կրթահամալիր. ԿԳՄՍ նախարար

Առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ իրականացնել կրթահամալիրի կառուցման և հետագա շահագործման աշխատանքներ, ինչը թույլ կտա տեղում առկա խնդիրները լուծել ավելի արդյունավետ եղանակով՝ ներգրավելով նաև մասնավոր հատվածի ջանքերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց իրավիճակը: Ըստ այդմ՝ 300 դպրոցների ծրագրով Վարդենիսում արդեն իսկ նույնականացվել էր առնվազն 2 դպրոցի հետ կապված աշխատանքների անհրաժեշտություն, այն է՝ Վարդենիսի ավագ դպրոցը և թիվ 3 հիմնական դպրոցը, որոնց շենքերը վատ վիճակում են, և անհրաժեշտ է նոր շենքերի կառուցում: Խոսքը, ըստ նախարարի, շուրջ 700 շահառու երեխաների մասին է, որոնք օգտվում են կրթական հաստատություններից:

Իր հերթին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Վարդենիսում՝ շատ մոտ այն վայրին, որտեղ տեղակայված են դպրոցները, և որտեղ նախատեսվում էր նոր շենքեր կառուցել, ձեռք էր բերել հողակտոր՝ դպրոցի, նախադպրոցական հաստատության և երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման համար: Ըստ այդմ՝ առաջարկվել է միավորել ջանքերը:

«Կառավարությունը ծրագրին մասնակցում է 400 սովորողի կրթական ծառայությունների մասով՝ համապատասխանաբար նվիրաբերելով տվյալ գումարը կրթահամալիրի կառուցման և հետագայում նաև պահպանման աշխատանքների համար»,- ասաց նա՝ նշելով, որ նախագծման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնում է ընկերակցությունը:

Ծրագրի հաստատումից հետո Կառավարության քննարկմանը կներկայացվի նվիրաբերության պայմանագրի նախագիծը:

«2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները կունենան հնարավորություն՝ հաճախելու ամբողջությամբ հագեցած, ժամանակակից պայմաններով հրաշալի կրթահամալիր, որը կիրականացնի բարձրորակ կրթություն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դպրոցները հանրակրթական սկզբունքով են աշխատելու, և այնպես, ինչպես ՀՀ-ում գործող բոլոր դպրոցները, լինելու են անվճար:

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն այս համատեքստում նկատեց, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Երևանում արդեն իսկ ունի գործող դպրոց՝ Ավետիսյան դպրոցը, որը գործում է այնպես, ինչպես ՀՀ-ի մյուս դպրոցները, և միակ տարբերությունն այն է, որ Վարդենիսի դեպքում կա պետություն-մասնավոր համագործակցություն:   

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ եթե այս ձևաչափը լավն է, պետք է այն տարածել և տարածման ուղղությամբ մոտիվատորներ մտածել:

«Եթե մեկը որոշի մասնավոր դպրոց կառուցել, ակնհայտ է, որ իրեն ձեռնտու է՝ այս կոոպերացիայով դա անի, քանի որ շահած դուրս կգա, եթե հաշտ եք այն մտքի հետ, որ դպրոցը կարող է X, Y ժամին աշխատել որպես մերը, մնացած ժամերին աշխատել որպես մասնավոր: Ակնհայտ է, որ դա ավելի ձեռնտու է»,- ասաց փոխվարչապետը:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©