
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մասնակցել են Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի բացման արարողությանը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները 1.1 միլիոն դոլար է ներդրել նոր կառույցի ստեղծման համար՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։ Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։

Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է»,- նշված է գրառման մեջ։









