Պետք է ձևավորել կոռուպցիան մերժող հասարակություն. նախագահ Արմեն Սարգսյան

ՎՎարդան Հովսեփյան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` նշելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են. արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, մեծ տեղեկատվության կառավարում։

Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է հենց այս ոլորտների զարգացմանը։ Ընդգծվել է, որ այս նախաձեռնության շրջանակում կան համագործակցության լայն հնարավորություններ։

Նշելով, որ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ նախագահ Սարգսյանը, որպես առաջընթացի գրավական, կարևորել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Այդ համատեքստում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը, նախ և առաջ, անհրաժեշտ է համարել նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունը, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ՝ որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում