Քաղաքական կամքի դեպքում՝ մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել. Ալիև

Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ «Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում», - շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ «Վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք։ Սա փոխշահավետ իրավիճակ է», - մանրամասնել է Ալիևը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղհասարակության համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ոչ թե երկարաժամկետ, այլ մշտական խաղաղության Հարավային Կովկասում: «Մեր տարածաշրջանում կայունությունն այն է, ինչի մասին մշտապես մտածում ենք», - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է՝ եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերեն, մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: «Այն, ինչ անհնար էր թվում երկու կամ երեք տարի առաջ, այսօր իրականություն է։ Ձեռք բերված հաջողությունները իսկապես նշանակալի ներդրում են», - հավելել է Ալիևը։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©