Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

ՄՄարիա Գաբրիելյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Դեսպան Բեննոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Իռլանդիան նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և տարբեր ուղղություններով երկխոսության խորացմամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իռլանդական հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նշվել է, որ այդ ուղղությամբ փոխգործակցության ներուժը կարող է իրացվել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով նորարարությունը և տնտեսության դինամիկ զարգացումը։

Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխընմբռնման ամրապնդման հիմնասյուներ։

Կարևորվել է նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը և ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը՝ որպես երկկողմ համագործակցության ամուր հիմք։

Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համատեքստում իռլանդական հաջողված փորձի կիրառումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում