ԱԺ-ում այս պահին խորհրդարանական լսումներ են ընթանում սեփականության իրավունքի թեմայով: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ Երևանի կառուցապատման ծրագրերով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար վերցնելու անհրաժեշտությունը: Ըստ Թաթոյանի՝ սեփականատիրոջը սեփականությունից կարող է զրկել մի կողմից՝ միայն դատարանը, մյուս կողմից՝ միայն բացառիկ դեպքերում, այն էլ օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես արվել է նախկինում՝ կառավարության որոշումներով:
Ըստ ՄԻՊ-ի՝ առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, այդպես էլ չի ընդունվել: Այդպիսի օրենքի բացակայության հետևանքով է, որ նման դեպքերում զանգվածաբար խախտվել են սեփականատերերի և օգտագործողների իրավունքները, իսկ գործընթացի տնտեսական արդյունքը, ՄԻՊ-ի գնահատմամբ, եղել է բացասական:













