ԼԼիլիթ Ասատրյան

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի ‹‹Բոհեմ›› օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդենը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրությունն անվճար է:

Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:

1940 թ.-ից՝ դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ. հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ. հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում