Վերականգնվում է Գորիսի պատմական տեսքը

ՀՀայկ Նավասարդյան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը վերականգնում է Գորիսի պատմական տեսքը: Ծրագրի այս փուլում, արդիականացվում են նաև ենթակառուցվածքերը, նոր լուծում է տրվում լարերով ծանրաբեռնված սյուների խնդրին: Քաղաքի կենտրոնից բացի, բարեկարգվում են նաև ծայրամասային փողոցներն ու բակերը:

Վերականգնվում է 152 տարվա պատմություն ունեցող Գորիսի հին տեսքը. քաղաքի կենտրոնի շինություններն արդեն նմանեցվել են նախորդ դարասկզբի տներին, ընթանում է փողոցների սալիկապատում: Թեև քաղաքի կենտրոնն այժմ մեքենաների համար դժվարանցանելի է, քաղաքի գլխավոր ճարտարապետը վստահեցնում է՝ արդյունքի համար արժի համբերել:

Գարեգին Փարսյան (Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ) - 20-րդ դարի սկզբին Գորիսն արդեն, այ այս պատմական կենտրոնը համարյա այս տեսքն ուներ:

Գորիսի պատմական միջուկի վերականգնման քառափուլ ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: 2018-ից ընթացող բարեկարգման ծրագրով փոխվում են նաև քաղաքի ջրագծերը, սյուներին փաթաթված մալուխներն անցկացվում են գետնի տակ:

Գարեգին Փարսյան - Մենք ընդամենն ունենալու ենք լուսավորության սյուներ և ոչ մի լարանցում չենք տեսնելու:

Քաղաքի կենտրոնի բարեկարգմանը զուգահեռ, ճանապարհների վերականգնման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ծայրամասերում: Բազմաբնակարան շենքերի բակերում ավելացվում են կանաչապատ տարածքները:

Իրինա Յոլյան (Գորիսի համայնքապետի տեղակալ) - Պետություն-համայնք գործակցության շրջանակներում այս պահի դրությամբ մեկ միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագիր է իրականացվում: Եվ շատ կարևոր է, որ ոչ միայն շեշտադրում է արվում կենտրոնական փողոցների վերակառուցման ուղղությամբ, նաև ծայրամասային թաղամասների, որովհետև մենք նաև մեր փորձից տեսնում ենք՝ ինչքանով որ տասնամյակներ շարունակ անուշադրության մատնված փողոցները, ենթակառուցվածքները վերակառուցվում են, ներդրումային միջավայրը ևս առողջանում է:

Գորիսի պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքների 3-րդ փուլը նախատեսվում է ավարտել 2024 թվականին: 4-րդ փուլով կվերականգնվի քաղաքի Երիտասարդական այգին, որով մեկուկեսդարյա Գորիսը կվերադարձնի պատմական տեսքը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում