Իրանի քաղաքացու մեքենայում մոտ 2 կգ մարիխուանայի փաթեթներ են հայտնաբերվել

ԼԼուսինե Մուրադյան

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի  քաղաքացի Մ․ Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ: Նշված պոմպերի միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ, որոնց վրա սոսնձված են եղել մետաղյա փականներ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նշված մետաղական գլանաձև տարաները բացելուց հետո պարզվել է, որ գլանակներից յուրաքանչյուրում առկա է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ: Դրանք լցված են եղել մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Նշված մետաղական գլանաձև տարաների մեջ առկա զանգվածների քաշը կազմել է 1820 գրամ։

Տվյալ պահին պարզ չի եղել նշված մարիխուանա տեսակի թմրամիջոցի իրական հասցեատերը, ուստի որոշվել է իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Գլանակներում տեղադրվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ, և կազմակերպվել է դրանց տեղափոխումը  Երևան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով  մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծի պողոտայից ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն: Վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում