Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը հավանաբար կմեկնարկի հաջորդ տարի

ԱԱրսեն Մկրտչյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքների առաջին երկու փուլն ավարտվել է: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը հայտնեց՝ առաջիկայում կայարանի կառուցման վայրում 14 տեղում կիրականացվեն հորատման աշխատանքներ, քաղաքացիներին նախագիծը ներկայացնելու համար կհրավիրվի հանրային լսում:

Ստեփան Մաչյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այս պահին նաև աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ: Մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջ, ժամկետից փոքր-ինչ շուտ:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակա) - Աջափնյակի մետրոյի կայարանի առաջին անգամ, բացի խոսակցություններից, մենք ունենում ենք նախագիծ այս տարվա վերջով, որը որ հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար հաջորդ տարի:

Ընթացքի մեջ են նաև Երևանի 9 գետնանցումներում և Հաղթանակ կամրջի մոտ վերելակների տեղադրման աշխատանքները: Հաջորդ շաբաթ նախատեսվում է տեղադրել Փակ շուկայի գետնանցման երկու վերելակը:

Տիգրան Ավինյան - Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն ավելի հարմարավետ դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և մենք փուլ առ փուլ, սկսած վերելակներից և բոլոր մեր շինաշխատանքներով այդ խնդիրը պետք է լուծենք, որպեսզի մեր Երևան քաղաքը լինի ավելի հարմարավետ բոլորի համար, լինեն նրանք անվասայլակով կամ որևէ այլ ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց համար նույնպես:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարեց ուշադրություն դարձնել տարբեր խողովակների նորոգման և տեղադրման համար ճանապարհներին իրականացվող քանդման աշխատանքներին: Որպես օրինակ նշելով գազի խողովակի անցկացման համար Աճառյան փողոցում իրականացված քանդման աշխատանքը՝ նշեց՝ տեղանքը պատճաշ կահավորված չէ, ինչը վարորդների համար խնդիր է առաջացնում:

Տիգրան Ավինյան  - Մի հատ ավտոմեքենա էր ընկել էդ փոսի մեջ, և մենք համարո՞ւմ ենք, որ դա պատշաճ կահավորված է: Երեկ եմ կողքով անցել, խոր փոս է՝ մետրից ավելի: Երկու բարակ լենտ է թքած-կպցրած, կներեք արտահայտությանս համար:

Պատասխանատուներին Ավինյանը կարգադրեց այս շաբաթ այլևս որևէ մեկին քանդման թույլտվություն չտալ և զբաղվել արդեն փորված փոսերի պատշաճ կահավորմամբ:

Տիգրան Ավինյան - Մի հատ էլ Ծարավ Աղբյուրում տենց էլի քանդած փոսը երեք ավտոյով ինձ ուղարկել են, ոնց են ընկնում էդ փոսի մեջ ու ակերը տրաքում:

Մայրաքաղաքում երթևեկությունը թեթևացնելու համար Տիգրան Ավինյանը կարևորեց Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության ներդրումը, հանձնարարեց սկսել քայլեր ձեռնարկել այն իրականացնելու ուղղությամբ:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում