Չորս տասնամյակի դադարից հետո Այգեվանում շինարարական բում է

ՀՀայկուշ Ասլանյան

Այգեվանցիներն արդեն 4 տասնամյակ այսքան շինարարական տեխնիկա իրենց գյուղում չէին տեսել։ Իսկ հիմա բնակավայրը մեծ շինհրապարակի է վերածվել․ սուբվենցիոն ծրագրով փոխվել է խմելու ջրագիծը․ մոտ 10 կմ խողովակաշար է անցկացվել, որը ջուրը թաղամասեր է հասցնում բաշխիչ աշտարակից։

Հարություն Սահակյան (Այգեվանի վարչական ղեկավար) - Կատարվել է սուբվենցիայով ջրագծի ամբողջությանմբ փոխարինում նորով, այս պահին հանձնված է շահագործման։ Մեկ խորքային հորով լրիվ բավարարում ենք։

Երկրորդ խոշոր ծրագիրը, որ դարձյալ պետություն-համայնք գործակցությամբ է, բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատումն է։ Գյուղի տարեցները հիշում են՝ վերջին անգամ ասֆալտ է արվել անցած դարի 70-ականներին։ Լույսը չբացված՝ նրանք արդեն գյուղամիջում են՝ աշխատանքների ընթացքին հետևելու, շինարարներին մի բանով օգտակար լինելու համար։ Ուրախ են, որ իրենք էլ վերջապես հարթ ճանապարհ կունենան։

Վրեժ Սարգսյան (Այգեվանի բնակիչ) - Մաքուր, կուլտորական, լավ կքայլենք, քաղաքից ինչով ենք պակաս, շատ էլ որ՝ գյուղում ենք ապրում։

Նորոգվող ճանապարհն իրար է միացնում Այգեվան և Լենուղի բնակավայրերը։ Գյուղացիներն այս ճանապարհով են իրենց բերքը տեղափոխում շուկա։ Եթե քարուքանդ փողոցների պատճառով նախկինում բերքի որակի կորուստ են ունեցել, հիմա նման խնդիր չի լինի։

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Երկարությունը մոտ 1 կմ է, նախագծային արժեքը՝ 120 մլն դրամ, մրցութային արժեքը՝ 95 մլն դրամ։ Տեղադրվում են նոր եզրաքարեր, կառուցվում մայթեր, երթևեկելի մասն ասֆալտապատվում է, անցկացվում է ջրահեռացման համակարգ։ Ընդհանուր առմամբ՝ կատարվում են ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքներ։

Ասֆալտապատումն արվում է նոր տեխնոլոգիաներով։ Մոդիֆիկացված բիտումը ոչ թե ներկրում են, ինչպես նախկինում, այլ արտադրում են տեղում։ Իսկ ասֆալտի որակը ստուգելու համար պարբերաբար ջերմաչափում են այն։ 2-րդ կարգի ասֆալտով էլ նախատեսում են հարթեցնել գյուղամիջյան կարճ փողոցները, և մինչև տարեվերջ կունենան բարեկարգ Այգեվան։ Ի դեպ, դեկտեմբերին կավարտվի նաև մանկապարտեզի շինարարությունը։ Մոդուլային կառույցի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է։ Նախագծային արժեքը 820 մլն դրամ է։

Նարեկ Խաչատրյան (շինարարական ընկերության ինժեներ) - Այս պահին հարթեցնում ենք հատակը, եռակցման աշխատանքներն ենք կատարում, պատրաստվում ենք ծածկը փակել։ Այնքան հզոր է սարքվում, որ թերություն չկա։ Շատ ամուր մանկապարտեզ է։

Պարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Շենքին կից կառուցվում է նաև ապաստարան՝ 300 հոգու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում