Հայաստանում շարունակվում են կարմրուկի դեպքեր արձանագրվել

ԼԼիլիթ Դանիելյան

Հայաստանում շարունակվում են կարմրուկի դեպքեր գրանցվել: Վերջին մոտ երեք ամսում լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի, որոնցից 133-ը երեխաներ են, վարակվածներից 3-ը հոսպիտալացված են, 98-ը դուրս են գրվել հիվանդանոցից:

Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվադնությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Ամեն օր գրանցվում է մեկ կամ երկու դեպք, այսինքն՝ այս պահին ունենք բռնկման մարման միտումներ, հիվանդության մարման միտումներ, սակայն կարմրուկին բնորոշ չէ միանգամից հիվանդությունը, որ բռնկվում է, մարում է, այլ որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի կարողանանք ասել, որ արդեն դեպքեր չունենք նոր գրանցվող:

Կարմրուկը առավելապես մանկական հիվանդություն է համարվում, սակայն վերջին տարիներին մեծահասակները նույնպես սկսել են ավելի հաճախ վարակվել: Այն ծանր ինֆեկցիոն հիվանդություն է, դրսևորվում է, օրինակ, թուլությամբ, բարձր ջերմությամբ, ինտոքսիկացիայի նշաններով, գլխացավով: Վարակի գաղտնի շրջանը 7-21 օր է:

Արշակ Ղազարյան (ՀՀ ԱՆ ԻՀԱԿ Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի պաշտոնակատար) - Կարմրուկի ժամանակ հիվանդը վարակիչ է մինչև ցանավորումը, մինչև ցանի ի հայտ գալը չորս օր և ցանի ի հայտ գալուց հետո ևս չորս օր, ինչու եմ սա հատկապես շեշտում, որովհտև անհրաժեշտ է այս շրջանում ավելի զգոն լինել և յուրաքնաչյուր ջերմող հիվանդի դիտարկել որպես հավանական կարմրուկի կասկածով դեպք:

Կարմրուկի կանխարգելման միակ միջոցը պատվաստումն է: Հայաստանում, ըստ վերջին վիճակագրության, վարակվածների 93%-ը չպատվաստված կամ թերի պատվաստված է: Թերի՝ այսինքն մեկ դեղաչափով պատվաստման դեպքում հիվանդությունը թեթև է ընթանում, սակայն վարակի տարածման տեսանկյունից շարունակում են շրջապատի համար վտանգ ներկայացնել:

Սվետլանա Գրիգորյան - Մեր թիրախային խմբերը, նպատակային խմբերը պատվաստումների 1 տարեկան և 4-6 տարեկան երեխաներն են, և եթե անձը իր կյանքի ընթացքում ունի առնվազն 2 դեղաչափ պատվաստում, ապա ամբողջ կյանքի համար պաշտպանված է կարմրուկից, եթե իհարկե, տվյալ անհատի մոտ չկան իմունային անբավարարության երևույթներ, 2 դեղաչափը 98 տոկոս դեպքերում ապահովում է լիարժեք իմունիտետ ամբողջ կյանքի համար:

Վերջին 3 ամսվա ընթացքում Հայաստանում ավելի քան 26 000 մարդ արդեն պատվաստվել է կարմրուկի դեմ: Ներկայումս աշխարհի 27 երկրում հիվանդության ակտիվացում կա:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում