«Իմ կյանքը համայնքում». փոխանակման ծրագրով դպրոցականները բացահայտում են Հայաստանը

ՄՄերի Եգորյան

«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրով Գյումրիի թիվ 41-ից Աբովյանի երկրորդ դպրոց տեղափոխվել ու ընթացիկ շաբաթը այստեղ է կրթություն ստանում Դիանա Գևորգյանը:

Արթուր Տաշչյան (Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն) - Այս տարի ուղարկել ենք 19 աշակերտ Հայաստանի բոլոր մարզեր և 12 դպրոցի հետ ենք համագործակցում:

Արդեն 3 տարի՝ հոկտեմբեր և ապրիլ ամիսներին, մարզերի դպրոցները 1 շաբաթով փոխանակվում են աշակերտներով: 2023-ին արդեն ընդգրկված են բոլոր մարզերը, մասնակցում է 70 աշակերտ: Աբովյանի 2-րդ հիմնական դպրոցը այս 3 տարում էլ փոխանակվող աշակերտների թվով ամենաակտիվն է: Առաջին անգամ 5 աշակերտ էին ուղարկել, այս տարի թիվը քառապատկված է:

Արթուր Տաշչյան - Թիվն ավելի մեծ էր, մոտ 30-ի էր հասնում: Ընտրություն ենք արել ու վերջնական 19 թողել:

Փոխարենն էլ 5 մարզից 8 աշակերտ են հյուրընկալել: Ավելիին էլ են պատրաստ:

Արթուր Տաշչյան - 14-16 տարեկան երեխաներն են մասնակցում: Ունենք, օրինակ, Արարատի Շահումյան գյուղից մի աշակերտ:

Նարեկ Գասպարյանի առաջին այցն է ոչ միայն Աբովյան, այլև առհասարակ Կոտայքի մարզ:

Նարեկ Գասպարյան - Արարատի մազրի Արտաշատից 3 կմ հեռավորության վրա գտնվող Շահումյան գյուղից:
Շաբաթ երեկոյան եմ եկել, կիրակի անցկացրել եմ բակում: Ես ապրել եմ սեփական տանը, կվարտիրան տարբերվում էր:

Նոր ստեղծարար մտքերով է վերադառնալու գյուղ՝ իր դպրոցում անելիքներ ունի:

Նարեկ Գասպարյան - Էստեղ ամեն մի դասարան ունի իր անունը, օրինակ՝ մերը էստեղ Տիգրան Մեծի անունով է, կուզեմ դա մեր դպրոցում էլ ներդնել: Էստեղ շատ նոր բաներ կան, որ կուզեմ մեր դպրոցում լինեն:

Օրինակ՝ որ իր դպրոցում էլ դասամիջոցի ավանդական զանգի փոխարեն այսպիսի համաշխարհային հիթեր հնչեն:
Եվ չնայած սկզբում այնքան էլ չի ցանկացել մասնակցել ծրագրին, այցի վերջին օրերին 1 շաբաթը քիչ է համարում:

Արթուր Տաշչյան - Ես առաջարկել եմ դառնա 1 ամիս: Եվրոպական երկրներում 2 ամիս է, 1 շաբաթում չեն հասցնի ադապտացվել: Իրենց պետք է ժամանակ, որ տեսնեն, բացահայտեն:

Սիլվա Շահգալդյան - Որ ինձ ասեցին՝ աշխարհով մեկ եղա, որ ես եմ մասնակցելու:

Վայոց ձորի Արտաբույնք գյուղից 8-րդ դասարանցի Սիլվա Շահգալդյանը ևս 7 օրը քիչ է համարում:

Սիլվա Շահգալդյան - Ես երեկ մինչև 6:30 ստեղ եմ եղել ու չեմ զգացել 8:30-ից ոնց հասավ 6:30:

Ամենօրյա ուսումնական պրոցեսից բացի՝ հյուրընկալված աշակերտները մասնակցում են տարբեր միջոցառումներին, կազմակերպվում են ճանաչողական այցեր տվյալ քաղաքում, երբեմն մարզում՝ պատմում է Տաշչյանը:

Արթուր Տաշչյան - Ծրագրի հայրենաճանաչությունն է գործնականում, երբ գնում ես, հայրենիքը տեղում ճանաչում ես, հատկապես մերը՝ տարբեր բարբառներով, սովորություններով: Նախորդ օրը տարել ենք Բջնի, ազգագրական պար ենք սովորել լեռներում, որը պարտադիր նախապայման է:

Որ ամփոփիչ հանդիպմանը բոլոր 70 աշակերտները շուրջպար բռնեն՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից են պատմում: Այս անգամ աշակերտները նաև օրագիր են վարում ու ամեն օր ներկայացնում՝ ինչ տեսան, ինչ սովորեցին, ինչ արեցին:

Լիլիթ Մկրտչյան (ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարության և հետազոտության վարչության պետ) - Շատ հետաքրքրի է , երբ քաղաքաբնակ աշակերտները գյուղերում մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին:

Ֆինանսական աջակցություն չկա, ծնողները, դպրոցներն են համատեղ ջանքերով իրականացնում երեխաների տեղաշարժը, այդ թվում՝ գտնում երեխաներին հյուրընկալող ընտանիքների: Առաջին տարին է բարդ եղել՝ վստահության խնդիր կար: Ամեն անցնող տարի ավելի զանգվածային է դառնում:

Լիլյա Հակոբյան - Կիրակի կեսօր եմ եկել, հոս մայրիկը եկավ դիմավորեց:

Սյունիքի Տաթև գյուղից է Լիլյա Հակոբյանը: Իր դասարանում 4 աշակերտ կա, այստեղ 28-ի հետ է նստում դասի:
Դասերն ավարտել են, միասին գնում ենք այն բնակարանը, որտեղ արդեն 5 օր է՝ ապրում է:

Լիլյա Հակոբյան - Ես այս շենքում եմ ապրում, 11-րդ հարկում, իսկ Տաթևում սեփական տանն եմ ապրում:

Հերմինե Սողոյան - Լիլյան իմ երկրորդ հյուրն է, առաջին հյուրը եղել է Արարատի մարզից՝ Անին: Լիլյան էլ Սյունիքի մարզից է:

Հերմինեի դուստրն էլ Տաթև է մեկնել՝ այս շաբաթը Լիլյայի դասարանում է սովորում: 1 շաբաթ այլ միջավայրում ապրելը Անգելինային տվել է այնքան բան, որ նախորդ 15 տարում չէր սովորել:

Ծրագրին այս տարի Երևանից 1 դպրոց է մասնակցում, առաջատարը շարունակում է մնալ Կոտայքի մարզը: Ամենաակտիվ և նախաձեռնող դպրոցներում էլ ամեն տարվա ավարտին ամփոփիչ հանդիպումներն են կազմակերպում: Նախորդը Աբովյանի թիվ 2 դպրոցում էր, հաջորդը լինելու է՝ Շիրակի մարզի Ջրափի գյուղում՝ մայիսի սկզբին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում