Աղջիկներն այլևս չեն հրաժարվի Նորավան հարս գնալուց. ճանապարհները բարեկարգվել են

ՀՀայկուշ Ասլանյան

Շինարարական աղմուկը նորավանցիներին ոչ թե անհանգստացնում, այլ ուրախացնում է: Տղամարդիկ դրսում, կանայք՝ պատուհաններից են հետևում ժամ առ ժամ գեղեցկացող իրենց գյուղին:

Սմբատ Աբգարյան (Նորավանի բնակիչ) - Խորդուբորդ էր, անձրևը գալիս էր՝ցեխ էր լինում, ամեն րոպե՝ մեքենա լվա, մեքենան ջարդվում էր: Հիմա փրկություն է:

Ասում են՝ տունն օդափոխելու համար նույնիսկ դուռ ու լուսամուտ չեն կարողացել բացել, որ փոշին ներս չմտնի: Խնդիրներ են ունեցել հատկապես հարս բերելիս. երբ աղջիկներն իմացել են, որ գյուղը նորմալ փողոցներ չունի, դժվարությամբ են հարս գալու առաջարկն ընդունել:

Սամվել Շահվերդյան (Նորավանի բնակիչ) - Հիմա որ գնամ Երևանից էլ հարս ուզեմ, գիտեն, որ ասֆալտի վրա են գալիս, չեն ասի՝ գյուղում ես մնում: Հիմա որ արվել է, Երևանի կենտրոնի նման է դարձել:

Փոշոտ ու անբարեկարգ էին ոչ միայն Նորավանի փողոցները, այլև երթևեկելի մասն էր գրունտային, չկային մայթեր, ոռոգման վաքեր, ջրահեռացման համակարգն էլ տեղ-տեղ վնասված էր: Համաֆինանսավորման ծրագով հիմա ասֆալտապատում են ներհամայնքային փողոցները, կառուցում 1,5 մետր լայնությամբ մայթեր, ոռոգման վաքեր են տեղադրվում և, անհրաժեշտության դեպքում, նորոգում ջրահեռացման համակարգը:

Ալեքսանդր Ալեքսանյան (Շինարարական ընկերության տնօրեն) - Նորմալ նախագիծ է արված, ամեն օր տեխհսկողություն է կատարվում, համայնքի ղեկավարությունը նույնպես ամեն օր հետևում է աշխատանքների ընթացքին, աշխատանքները կատարվում են շատ բարձր մակարդակով:

Համաֆինանսավորման փաթեթով այս տարվա առաջին ծրագիրն է իրականացվում՝ մոտ 70 մլն դրամով․ պետության մասնակցությունը՝ 35, համայնքինը՝ 65 տոկոս է: Հիմնանորոգվող փողոցի երկարությունը 512, երթևեկելի մասի լայնությունը 6-8 մետր է: Տասնյակ տարիներ ուշադրությունից դուրս մնացած գյուղերում անելիք շատ կա, ասում է Արմավիրի ղեկավարը, որը ամենամյա հայտեր է ներկայացնում՝ խնդիրները ըստ առաջնահերթության լուծելու համար: Այս տարի միայն Արմավիր քաղաքում բազմաթիվ փողոցներ են հիմնանորոգվելու: Ուշադրության կենտրոնում են նաև գյուղական բնակավայրերը:

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Աշխատանքներ են նախատեսված նաև Այգեվան համայնքում՝ կենտրոնական փողոցը, Լուկաշին համայնքի գերեզմանոց տանող փողոցն է նախատեսված, ասֆալտապատելու ենք Մյասնիկյան համայնքի գյուղամիջյան փողոցը:

Նորավանում մինչև ասֆալտապատումը «Վեոլիա ջուրն» էլ նորոգվող փողոցների խմելու ջրագծերն է փոխել, որ չլինի թե ասֆալտից հետո վթարված խողովակներ նորոգելու խնդիր առաջանա: Գյուղացիները գոհ են, որ մոտ կեսդարյա ջրագիծը նորացվել է:

Գագիկ Հովհաննիսյան (Նորավանի բնակիչ) - Փտել էր արդեն, 48 տարվա խողովակ էր, չուգուն էր, մերը աղի ջրեր են, շուտ է փչանում

Արմավիրի ղեկավարությունը Կառավարությանը ասֆալտապատման հայտեր է ներկայացնելու նաև 2024 թվականին, խնդիր է դրված բարեկարգել ու գեղեցկացնել հատկապես գյուղական բնակավայրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում