117 օր զրկված ենք ազատ տեղաշարժվելու իրավունքից. Ապրիլի 7-ն արցախցի կանայք նշել են բողոքի ակցիայով

ՆՆարեկ Սահակյան

Մայրության և գեղեցկության տոնն արցախցի կանայք նշել են բողոքի ակցիայով: Կրկին բարձրաձայնել, որ ադրբեջանական ապօրինի շրջափակման հետևանքով 3900 քաղաքացի, որից 570-ը՝ երեխա, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Անուշ Շահրամանյան (կանանց ակցիայի նախաձեռնողի խմբի անդամ) - 117 օր է՝ մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու հիմնարար ու բնական իրավունքից:

Սիրվարդ Մարգարյան (ակցիայի մասնակից) - Մենք սպասում ենք դրան, որ աշխարհը դիմի ավելի կոշտ միջոցների, ավելի կոշտ պիտի ձեռնարկի: Անհնար է այս 30 հազար երեխաներին կամքը չկատարելը, այս 120 հազար բնակիչներին անտեսելն անհնար է:

Խաղաղ ակցիայի մասնակիցները Ստեփանակերտի զինվորական պանթեոնում հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Ասում են՝ եկել են այստեղ խոստանալու, որ չեն ընկրկելու: Շուշիի մարտերում որդուն կորցրած Անժելա Ասրյանը միջազգային հանրությանը հիշեցնում է՝ 120 հազար հայ պատանդ է Ադրբեջանի անօրինականությունների պատճառով:

Անժելա Ասրյան (ակցիայի մասնակից) - Կոչ եմ անում աշխարհին՝ թող խոր քնից արթնանան, բացեն իրենց աչքերը:

Բողոքի ակցիային միացած հարյուրավոր կանայք ադրբեջանական ապօրինի շրջափակումը դատապարտող պաստառներով քայլել են դեպի Շուշի տանող ճանապարհի փակ հատվածը: Վիկտորյա Պետրոսյանը իր երրորդ բալիկի՝ 5 ամսական Աստղիկի հետ է միացել նախաձեռնությանը:

Վիկտորյա Պետրոսյան (ակցիայի մասնակից) - Հենց իմ բալիկների պատվին էլ ես կմնամ այստեղ, որպեսզի մենք հայ մնանք: Օտար հողում ինչքան էլ մենք հայ լինենք, արցախցի լինենք, դրանք պարզապես խոսքեր են, արցախցին պետք է ապրի Արցախում:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 51 օր լրիվ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Առ այսօր չի կատարել նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, այն է՝ բացել Լաչինի միջանցքը: Ակցիայի մասնակիցները հումանիտար խնդիրներն են ներկայացրել:

Տաթևիկ Խաչատրյան (կանանց ակցիայի նախաձեռնող խմբի անդամ) - Եթե տղամարդիկ պետք է իրենց ծառայությամբ ապացուցեն իրենց հայրենասիրությունը, մեզ մնում է կանգնել մեր տղամարդկանց կողքին, հումանիտար կողմը մեզ վրա վերցնել, եթե ուզում ենք այստեղ ապրել:

Արցախցի կանայք կոչ են անում սփյուռքի բոլոր համայնքներին պահանջել իրենց երկրներից ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ: Վստահեցնում են՝ որքան էլ դժվար լինի, Արցախը չի հայաթափվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում