Ոչխարները «գրավել» են Պոմպեյը. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԻՏԱԼԻԱ

ՈՉԽԱՐՆԵՐԸ «ԳՐԱՎԵԼ» ԵՆ ՊՈՄՊԵՅԸ

Պոմպեյ քաղաքի դեռևս չպեղված տարածքը լավագույնս պահպանելու գործը հանձնարարվել է ոչխարներին: Նրանք առանձնապես մեծ բան չեն անելու այնտեղ. պարզապես արածելու են՝ վերացնելով անկանոն աճող խոտը:

Որպես կայուն գյուղատնտեսական նախաձեռնության մի մաս, մոտ 150 ոչխար է տեղակայվել Ռեջիո V-ի չուսումնասիրված հատվածում՝ հնագիտական վայրից հյուսիս ընկած հսկայական տարածքում՝ արածեցնելու և հնավայրը աճող բուսականությունից պաշտպանելու համար:

Գաբրիել Ցուխտրիգել (Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն) - Եթե խոտ և այլ բույսեր են աճում հին պատերի և տների մեջ կամ դրանց վրա, դա խնդիր է: Ահա թե ինչու, մենք փորձում ենք կայուն և արդյունավետ մոտեցում ցուցաբերել ամբողջ շրջակա միջավայրի նկատմամբ, որպեսզի խուսափենք օգտագործելուց այնպիսի նյութեր, որոնք կանգնեցնում են խոտի աճը: Փորձում ենք այնպես անել, որ տևականորեն այլևս բույսեր չաճեն պատերի և ավերակների վրա:  

Ցուխտրիգելի խոսքով, ոչխարների օգնությանը դիմելու նախաձեռնությունն օգնում է գումար խնայել և պահպանել լանդշաֆտը: Նրա կարծիքով, այս ոչխարները նաև օգնում են վերականգնելու այն տեսարանը, որը եղել է այն ժամանակ, երբ Պոմպեյը դեռ կանգուն էր, և այնտեղ կյանքը եռում էր, ինչու՝ ոչ, նաև գառներն ու ոչխարներն արածում էին:

Բացի այդ, իշխանությունները հուսով են, որ դա կօգնի ավելի շատ մարդկանց ներգրավել այդ տարածք և վերականգնել հնագույն խաղողի այգիները, որոնք երկար պատմություն ունեն այս տարածաշրջանում:

Պոմպեյի 66 հեկտար տարածքը, որի երկու երրորդը հայտնաբերվել է 250 տարի առաջ պեղումների մեկնարկից ի վեր, եզակի պատկերացում է տալիս հին հռոմեական քաղաքի առօրյա կյանքի մասին, որն, ասես, ժամանակի մեջ սառեցվել է Վեզուվ լեռան ժայթքման հետևանքով մ.թ. 79 թվականին:

ԵԳԻՊՏՈՍ

ՁԵՌՔՈՎ ՆԵՐԿՎԱԾ ԹԵԼԵՐՈՎ ԵԳԻՊՏՈՒՀԻՆԵՐԸ ՇՔԵՂ ԳՈՐԳԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Ավելի քան 50 տարի Լոտֆեյա Մոհամեդն ավանդական գորգեր է գործում միայն ձեռքով ներկված թելերի և իր երևակայության միջոցով: Աշխատելով Գիզայի Հարանիյա գյուղում գտնվող Wissa Wassef կենտրոնում՝ տիկին Լոտֆեյան արարում է փայտե ջուլհակի վրա՝ ստեղծելով շքեղ, բազմերանգ գորգեր, որոնց նախշերը բավականին բարդ են և ներշնչված են բնությունից:

Կենտրոնը ստեղծել է եգիպտացի` արդեն հանգուցյալ նկարիչ Ռամսիս Վիսա Վասեֆը 1950-ականների սկզբին՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց օգտագործելու արվեստը՝ ապրուստն ապահովելու համար:

68-ամյա տիկին Լոտֆեյան կենտրոնի ամենատարեց կին արվեստագետն է: Այստեղ այժմ աշխատում է 27 հոգի: Կենտրոնի հիմնադրումից ի վեր, այնտեղ տասնյակ արվեստագետներ են վերապատրաստվել ձեռագործ տեքստիլ արտադրելու համար:

Լոտֆեյա Մոհամեդ (գորգագործ) - Երբ բուրդ եմ ստանում, քայլում եմ այգով և խորհում բնության մեջ, մտածում այն տեսարանի մասին, որը կցանկանայի նկարել և աշխատել դրա վրա:

Կենտրոնն ունի կից այգի, որտեղ նկարիչները ոգեշնչվում են: Բացի այդ, այստեղ կան բույսեր, որոնք օգտագործում են իրենց թելը ներկելու համար, նաև պատկերասրահ՝ պատրաստի արտադրանքը ցուցադրելու համար։

Գորգերի արտադրությունը կարող է տևել մինչև մեկ տարի, իսկ նախշերը չեն կրկնվում:

Լոտֆեյա Մոհամեդ (գորգագործ) - Մենք երբեք չենք կրկնում որևէ նախշ: Նույնիսկ եթե Դուք ինձ խնդրեք պատրաստել նույն գորգը, ես չեմ կարողանա դա անել:

Ներկայում կենտրոնը ղեկավարում են Ռամսիս Վիսա Վասեֆի երկու դուստրերը:

Սյուզան Վիսա Վասեֆ (արվեստի կենտրոնի հիմնադրի դուստրը)  - Տարին մեկ անգամ բոլոր արվեստագետները հավաքվում են, և մենք երեք-չորս օր անցկացնում ենք այգում, որտեղ կրակ ենք վառում և եռացնում թելերը բույսերի հետ միասին, որպեսզի ներկված թելեր ստանանք ամբողջ տարվա համար:

Նրանք միասին նստած զրուցում և ծիծաղում են, ասում են, որ հպարտ են իրենց ձեռագործ եզակի արվեստով և ձգտում են ավելին ստեղծել:

ԻՐԱՔ

ՄՈՍՈՒԼԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Մոսուլի ալ-Քավազին թաղամասի արհեստավորները ժամեր են անցկացնում՝ ստեղծելով հատուկ կավե մածուկ՝ թոնրանման ջեռոցներ պատրաստելու համար: Նրանց խոսքով, այդ ջեռոցները հազարամյակների պատմություն ունեն:

Կավե վառարանները, որոնք Իրաքում հայտնի են որպես «Թանուր», օգտագործվում են ավանդական հաց թխելու համար: Բացի այդ, Իրաքում շատերը դեռ օգտագործում են այսպիսի թոնիրներ՝ ուտեստներ պատրաստելու համար, ինչպիսիք են խորոված միսը և ձուկը:

Արհեստավորներն ու հացթուխներն ասում են, որ թեև վառելիքով աշխատող պողպատե վառարաններն ավելի տարածված են, իրենց  հաճախորդները դեռ նախընտրում են կավե վառարաններ, որոնք հացին յուրահատուկ համ են հաղորդում:

50-ամյա արհեստավոր Խալեդ ալ-Քավազը տասնամյակներ շարունակ այս գործով է զբաղվում, նա այն հորից ու պապից է ժառանգել:

Խալեդ Ալ-Քավազ (արհեստավոր) - Իմ ծնողները, տատիկներն ու պապիկներն այս արհեստով են զբաղվել: Իմ բոլոր նախնիները տարիներ շարունակ այս գործի վարպետն են եղել: Հուսով եմ, որ այս արհեստը երբեք չի անհետանա: Չնայած գազով աշխատող վառարանները շատացել են, մեծաթիվ մարդիկ շարունակում են թանուրներից օգտվել:

Խալեդը սովորաբար օրական երեք-չորս վառարան է պատրաստում Մոսուլում գտնվող իր արհեստանոցում, իսկ երբեմն ավելի շատ: Պատվերների պակաս չունի: Մեկ վառարանը սովորաբար ծառայում է մինչև 2 տարի:

ԹԱԻԼԱՆԴ

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ 100 ՀԱԶԱՐ ՎԱՌՎՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐՈՎ ԵՆ ՆՇԵԼ ՄԱԿՀԱ ԲՈՒՉԱՅԻ ՕՐԸ

Թաիլանդի Պաթում Թանի նահանգում, թաիլանդական տաճարի հարևանությամբ նշել են Մակհա Բուչայի օրը: Բուդդային հարգանքի տուրք մատուցելու համար տեղացիները 100 հազար լապտեր են վառել:

COVID-19 համաճարակի պատճառով երկամյա դադարից հետո առաջին անգամ Դհամակայայի տաճարն ամբողջությամբ բացվել է սպիտակ զգեստներ հագած հազարավոր հավատացյալների և վանականների համար, որոնց եկել են՝ մասնակցելու ծիսական արարողությանը:

Ամբողջ Ասիայից ժամանած երկու հազար վանականները մասնակցել են միջոցառմանը՝ միասին վառելով հազարավոր լապտերները կամ մոմերը:

Սանիտոնգ Վուտիվանգսո (վանական) -  Մենք մեր տիրոջը՝ Բուդդային, հարգելու մեր ավանդական ճանապարհն ունենք՝ լապտերներ ենք վառում: Սա գրեթե 2600 տարվա ավանդույթ է:  Ինչպես Թաիլանդի մյուս տաճարները, Վաթ Ֆրա Դհամակայան նույնպես ունի ծիսական արարողություններ, որոնք անցկացվում են լապտերներ վառելով, քայլելով մեդիտացիա անելով, հիշեցնելով մեր տեր Բուդդայի դոգմաները՝ նրա իմաստությունը, սրբությունը և բարությունը:

Մակհա Բուչայի տոնը նշվում է այն օրը, երբ ավելի քան 2500 տարի առաջ 1250 վանական է հավաքվել Բուդդայի կողմից ձեռնադրվելու համար:

ԲՈԼԻՎԻԱ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐՈՎ ԿԱՆԱՅՔ ՄՐՑԱՎԱԶՔԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքում մի խումբ կանայք դուրս են եկել հեծանվավազքի: Առաջին հայացքից թվում է, թե արտառոց ոչինչ չկա: Սակայն բանն այն է, որ նրանք հեծանիվ վարելիս պարտադիր կրել են իրենց ավանդական գույնզգույն նախշերով կիսաշրջազգեստները:

Բոլիվիայի բնիկ կանայք, որոնք հայտնի են որպես «չոլիտաներ», ավանդաբար գյուղական Այմարա և Կեչուա համայնքներից են: Նրանք այս հեծանվավազքում հիմնականում չեն կրել սաղավարտներ, կոշիկներ կամ պրոֆեսիոնալ մարզազգեստ: Փոխարենը կրել են իրենց ավանդական կիսաշրջազգեստները, որոնք կոչվում են «պոլերաներ»:

Չորրորդ տեղը զբաղեցրած հեծանվորդուհի Ռոզա Պոմա Լիմաչիի համար իր «պոլերա» կրելը միջոց է հարգելու իր մորը, որը մահացել է երկու տարի առաջ:

Նենսի Մամանի (չոլիտա) - Փոքր տարիքից մենք գյուղում ենք ապրել: Հեծանիվը միշտ օգտագործել ենք որպես փոխադրամիջոց: Իսկ ավանդական հագուստ կրելը մեզ համար խոչընդոտ չէ:

Այս տարի հեծանվավազքն անցկացվել է Էլ Ալտոյի հիմնադրամն 38-րդ ամյակի տոնակատարության շրջանակում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀՈԼԻԻ ՏՈՆԸ

Հնդկաստանում նշել են երկրի գլխավոր տոներից մեկը՝ Հոլիի տոնը: Նույնիսկ մեկ օր անց տոնակատարությունները շարունակվել են:

Փողոցներում կարելի է հանդիպել երգող ու պարող քաղաքացիների, որոնք մեծ հաճույքով ու ոգևորությամբ գունավոր փոշի են շաղ տվել միմյանց վրա: Սա հինդուիստական ամենանշանակալից տոներից մեկի անբաժան մասն է:

Հնդկաստանի Մաթուրա քաղաքի մոտ գտնվող Դաուջի տաճարում կանայք ու տղամարդիկ մասնակցել են «Հուրանգա» կոչվող խաղին, որը սովորաբար խաղում են Հոլիի հաջորդ օրը:

Հոլին հայտնի է նաև որպես Գույների տոն, Գարնան տոն և Սիրո տոն: Այն նշում են միլիոնավոր հնդիկներ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

ԲՐԱԶԻԼԻԱ

ՌԻՈՅԻ ՀԱՅՏՆԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ Է ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ Ռիո Դե Ժանեյրոյի հայտնի Քրիստոսի արձանը մանուշակագույն լույսով է լուսավորվել:

Այդ օրը, սակայն, Բրազիլիայում միայն տոն չէ. այն կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու օր է:

Ռիոյի փողոցներ են դուրս եկել բոլոր տարիքի կանայք՝ երթի մասնակցելու, երաժշտություն լսելու, պարելու և իրենց պահանջներով պաստառներ ու ցուցանակներ պարզելու համար:

Նրանց պահանջների թվում են հղիության արհեստական ընդհատման օրինականացումը և գենդերային բռնության դադարեցումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում