Վերջին 3 տարում Աշտարակի ԲԿ այցելուների թիվը եռապատկվել է. պետական միջոցներով նոր շենք է կառուցվում

ՀՀովհաննես Վարդանյան

Աշտարակի բժշկական կենտրոնը՝ 1970-ականներին կառուցված եռահարկ բուժհաստատությունը, մինչ օրս միայն կոսմետիկ վերանորոգումներ է ունեցել։ Անցած տարի պետբյուջեից շուրջ 1,5 միլիարդ դրամ է հատկացվել նոր ու ժամանակակից բուժհաստատություն կառուցելու համար։ Ծրագիրը փուլ առ փուլ է իրականացվում:

Արգիշտի Հովհաննիսյան (Աշտարակի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն) - Ավելի ինֆորմատիվ ախտորոշում ունենք, ավելի բարձր որակի սպասարկում ենք մատուցում քաղաքացիներին, և հիմնանորոգումից ու ծրագրից հետո, հուսով եմ, ավելի ու ավելի դրական տեսլական ենք ունենալու՝ բուժծառայության սպասարկումն ավելի որակով դարձնելու մեր քաղաքացիների համար:

Վերջին երեք տարում Աշտարակի բժշկական կենտրոնը և՛ Արագածոտնի մարզպետարանի, և՛ բարերարների միջոցներով մասնակի բարելավել է բուժսպասարկման որակը, ներդրել նոր ծառայություններ, որոնք երբևէ չեն եղել հիվանդանոցում: Խոսքը անոթային և ուրոլոգիական վիրահատությունների մասին է: Ավելացել է նաև անհետաձգելի բուժօգնության ծառայությունը: Փոխվել է վիրահատարանների գույքը:

Քրիստինե Թուրխալյան (Աշտարակի ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Քովիդ 19-ով պայմանավորված, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աշտարակ ԲԿ-ն գտնվում է խաչմերուկային կենտրոնում, ավտովթարները, նաև կրիմինալ դեպքերը շատ են, բնականաբար, նման հագեցվածությամբ վիրահատարան ունենալը օժանդակում է կյանքեր փրկելուն:

Նոր են նաև թվային ու շարժական ռենտգեն սարքավորումները: Դրանք բազմաֆունկցիոնալ են ու ժամանակակից:

Արգիշտի Հովհաննիսյան - Բավականին հին էին, 70-ական թվականների սարքավորումներ էին, բայց էսօր ունենք թվային ամենաարդի, ժամանակակից սարքավորումներ, որոնք բավականին ինֆորմատիվ են, իսկ ինֆորմատիվ լինելը, ճիշտ անամնեզը բժշկի դրական աշխատանքի արդյունքն է:

Աշտարակի բժշկական կենտրոնին կից էլ հիմքից նոր պոլիկլինիկա է կառուցվում: Վերջին երեք տարում բուժհաստատության այցելուների թիվը 34,000-ից հասել է 63,000-ի: Արագածոտնի մարզպետարանի առողջության բաժնի պետի խոսքով՝ հին պոլիկլինիկան քանդել են, քանի որ վթարային էր:

Մերի Շահազիզյան (Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ) - Հոսքը դեպի մայրաքաղաք, կարծում եմ, կպակասի: Ծրագիրը կարևոր է նրանով, որ բուժսպասարկման որակը էլ ավելի կբարձրանա, ավելի արդիական կդառնա, ժամանակակից սարքավորումներով կհագեցնեն: Ե՛վ մարզպետարանի, և՛ նախարարության, բոլորի կողմից, կարելի է ասել, աշխատանքների ամենօրյա դիտարկումներ ենք անում:

Աշտարակի բժշկական կենտրոնի ստացիոնար բուժծառայություններից օգտվողների թիվն էլ է մեծացել. եթե մինչև 2019 թվականը կենտրոնում բուժվում էր տարեկան մոտ 2000 քաղաքացի, ապա 2022-ին այդ թիվը երեք անգամ մեծացել է: Կառույցի ղեկավարն ասում է՝ արդյունքը գոհացնող է, բայց բուժվողները, վստահաբար, էլ ավելի շատ կլինեն, երբ տարիներ հետո բուժհաստատությունը նոր տեսքով ու նոր որակով շահագործման հանձնվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում