Հալեպում հայ փրկարարները փլատակներից ութ դի են դուրս բերել

ԴԴիանա Գասպարյան

Սիրիայի Հալեպ քաղաքում հայ փրկարարները երեք օր անընդմեջ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները: Հայաստանից ժամանած մասնագետները ջանքեր են գործադրում երկրաշարժից տուժած տարածքներում ավերածությունների հետևանքները վերացնելու, փլատակներում մարդկանց որոնելու և առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալով՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ գործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

Մելիք Ասիլյան ՀՀ ԱԻՆ որոնողափրկարարական թիմի անդամ - Հենց առաջին գիշերվանից անցել ենք աշխատանքների։ Իրականացրել ենք որոնողական աշխատանքներ, տեսաձայնային և աուդիոսարքավորումներով:

Մելիք Ասիլյանը նշում է՝ ունեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները և միջոցները՝ որոնողափրկարարական աշխատանքները 24-ժամյա ռեժիմով արդյունավետորեն իրականացնելու համար: Փրկարարական թիմն ունի նաև բժիշկ՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար:

Մելիք Ասիլյան - Ժամանել ենք Հայաստանից, որպեսզի օգնենք Սիրիայի մեր բարեկամներին և երկրաշարժի պատճառով իրենց հոգսերը ինչ-որ չափով թեթևացնենք։

Հալեպի բնակիչ - Այն, ինչ ապրեցինք այս օրերին, սպառել է մեր ամբողջ ուժը: Ի վիճակի չեմ նույնիսկ բառերով նկարագրել: Կարող եմ միայն ասել, որ հայերին շատ ենք սիրում, շնորհակալ ենք ձեզ:

Հալեպի բնակիչ - Փրկարարների հետ ձեռք ձեռքի տված աշխատում ենք: Քույրս դեռ փլատակներում է: Նրա զավակներից մեկը ողջ է, մյուսի դին դուրս ենք բերել:

Սիրիացի փրկարարներն էլ անում են հնարավորը՝ հայրենակիցներին օգնելու համար, սակայն մտահոգ են՝ ժամանակն իրենց օգտին չէ:

Սիրիական բանակի սպա - Օրեցօր վիճակն ավելի է բարդանում: Ոչ բարենպաստ եղանակը էլ ավելի է բարդացնում մեր գործը: Զինված ուժերը աղետի առաջին վայրկյանից անցել են գործի: Մեզ միացել են փրկարարական խմբեր Հայաստանից, Իրաքից, Ալժիրից և Թունիսից:

Հալեպում հայ փրկարարները տեղում գործակցում են նաև Իրանից ժամանած փրկարարական թիմերի հետ:

Իրանի որոնողափրկարարական թիմի անդամ - Համագործակցում ենք սիրիական և հայկական խմբերի հետ: Որոնողափրկարարական աշխատանքները միասին ենք իրականացնում:

Հալեպի բնակիչ - Այստեղ հինգհարկանի շենք է փլուզվել, որտեղ բնակվող հինգ հարազատիցս միայն մեկին կարողացանք ողջ դուրս բերել փլատակներից: Շատ շնորհակալ ենք մեր հայ, իրանցի և ռուս բարեկամներին։

Հայ փրկարարների թիմն ութ դի է դուրս բերել փլատակներից. հույս ունեն, որ կհաջողվի փրկել ողջ մնացած մարդկանց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում