Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին

ԼԼիլիթ Ասատրյան

Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի հետ կապված մի շարք հակասություններին է անդրադառնում դատախազը: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ 22 զինծառայող է ապրել, մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են գտնվել, 2-ը՝ կապիտանը և նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, ևս երկուսը՝ պատուհանների ճաղավանդակներից:

Արշակ Մարտիրոսյան (զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ) - 15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մեկ մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ընդ որում՝ կցանկանամ նշել, որ նախասրահում տեղադրված է եղել նաև վառարանը, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է:

Մարտիրոսյանը նշեց՝ այս հանգամանքը հաստատվել է վարույթում առկա փաստական տվյալներով, այդ թվում նաև՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած ծառայողների հարցաքննության արձանագրություններով: Դատախազի խոսքով՝ զինծառայողի դին հենց ննջարանի մուտքի դիմաց՝ նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել:

Արշակ Մարտիրոսյան - Սակայն այդ հանգամանքի շուրջ դեռևս այս պահին քննությունը դեռ շարունակվում է, և ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ վարութային գործողություններ:

Դիտարկմանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը Հանրայինի եթերում նշել էր, որ զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, դատախազն ասաց՝ նշված հանգամանքը ևս մանրակրկիտ քննության առարկա է դարձել:

Արշակ Մարտիրոսյան - Տվյալ պաշտոնատար անձը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից և իր ցուցմունքով հերքել այդ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքը անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած աշխատակիցների հետ և վերջիններիս կողմից իրեն փոխանցված բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել:

Դատախազը մեջբերում է Արսեն Սարոյանի ցուցմունքից հատված:

Արշակ Մարտիրոսյան - Երբ որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած ծառայակիցները կապնվել են, իրեն հայտնել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, որը ես ընկալել եմ, թե զինծառայողները գտնվել են պառկած մահճակալների վրա:

Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ավտոբենզինի շուրջ հակասություններին, մանրամասնեց՝ փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի կեսերին տվյալ զինվորական ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված 5 լիտրանոց պլաստմասսայե տարաների մեջ: Անձանակազմն այն պահել է կացարանին կից՝ բացազատված ավտոհավաքակայանում:

Արշակ Մարտիրոսյան - 80 լիտր ավտոբենզինից փաստացի, այսինքն՝ նախքան դեպքը օգտագործված եղել է 30 լիտր, և դեպքի օրը նախքան հրդեհը ավտոհավաքակայանում եղել են թվով 10 հատ 5 լիտրանոց տարաներ՝ լցված ավտոբենզինով, որոնցից 9-ը դեպքից հետո արդեն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ 5 լիտրանոց տարա ավտոբենզինով լցված, որը, ըստ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ կացարանում գտնվող սպան այդ տարան օգտագործել է նախասրահում գտնվող տեղակայված վառարանը վառելու համար:

Արշակ Մարտիրոսյանը հավելեց՝ ավտոբենզինը հատկացվել է հատուկ տեխնիկաների շարժիչները գործարկելու համար:

Այս օրերին հնչող հարցերից մեկն այն էր, թե ինչպես չի այրվել տարածքում գտնվող աթոռն ու գազօջախը։ Դատախազը նշում է՝ այս հանգամանքներով ևս քննություն է կատարվում, սակայն նախնական տվյալներով՝ ստորաբաժանման տեղակայվելու ժամանակահատվածում տան նախասրահում տեղադրված է եղել գազօջախ, սակայն տունը գազիֆիկացված չի եղել, և անձնակազմը գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին նաև հին, չօգագործվող աթոռը:

Արշակ Մարտիրոսյան - Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքի պահին հրդեհի ժամանակ և դրան նախորդող նաև ժամանակահատվածում փաստացի տվյալ գազօջախը և աթոռը տեղադրված չեն եղել տան մեջ, այլ տեղադրված են եղել տանը հարակից արտաքին պատի տակ:

Քննությամբ պարզվել է, որ կացարանում հակահրդեհային վահանակներ չեն եղել: Իսկ նախնական տվյալների համաձայն՝ կացարանի հատակը և ննջարանի մուտքի դուռը եղել են փայտյա:

Արշակ Մարտիրոսյան - Հիմնավորվել է, որ տվյալ զինվորական ստորաբաժանման ի սկզբանե տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից չեն հատկացվել տվյալ ստորաբաժանմանը հակահրդեհային պաշտպանության միջոցներ, այսինքն՝ նման միջոցներով անձնակազմը ապահովված չի եղել:

Բացի այդ, ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջ է՝ շեշտում է դատախազը։ Հենց այդ անփութության համար էլ զորամասի թիկունքի պետ, հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանին, զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ Մառլեն Սարգսյանին մեղադրանքներ են ներկայացվել, նրանք կալանավորվել են: Աղեկյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանն ասաց՝ հարցերին չի կարող պատասխանել վատառողջ լինելու պատճառով: Մյուս մեղադրյալը պաշտպան չունի: Դեպքից շաբաթներ անց մեղադրյալ է նաև վառարանը ավտոբենզինով վառել փորձող կապիտան Եղիշե Հակոբյանը, որը դեռ բուժման փուլում է: Պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ ապաքինվելուց հետո կապիտանը մանրամասն ցուցմունք տալու ցանկություն ունի:

Հովսեփ Սարգսյան (Եղիշե Հակոբյանի պաշտպան) - Օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ ակնդետ երևում է, որ Եղիշե Հակոբյանը ի վիճակի չէ նախ՝ առողջական վիճակի տեսանկյունից՝ ամբողջությամբ դեմքը և ձեռքերը այրված են:

Ըստ պաշտպանի՝ Հակոբյանի մեղադրանքը խիստ նախնական է:

Հովսեփ Սարգսյան - Դեռ պետք է հստակորեն պարզվի 15 զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը, արդյոք այդպիսին եղե՞լ է, թե՞ ոչ, որից հետ միայն վերջնական եզրահանգման գալ:

Դեռ 2022-ի դեկտեմբերին գլխավոր շտաբի պետի հրամանի համաձայն՝ զորամասերում արգելվել է վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Ինչու է կապիտանը բենզինով որոշել կրակը թեժացնել, պաշտպանը ձեռնպահ մնաց այդ մասին խոսելուց, նշելով՝ պաշտպանյալը դեռ ցուցմունք չի տվել:

Հովսեփ Սարգսյան - Բենզինով վառարանը վառելու հանգամանքը դեռևս շատ քիչ է, որպեսզի ասել՝ դա պատճառահետևանքային կապ ունի տուժողների մահվան հետ: Պատճառահետևանքային կապերը կարող են լինել տարբեր, դա վարկած է, որը դեռ պետք է հաստատվի կամ հերքվի:

Ըստ նրա՝ Հակոբյանը չի բնակվել այն կացարանում, որը հրդեհվել է, նա այլ տուն է վարձակալել:

Հովսեփ Սարգսյան - Այդ օրն է նա եկել, պարզապես էդտեղ զինվորներին առավոտյան ինչ-որ օգնել են տարբեր աշխատանքներ կատարելու, էդ օրն է եղել ընդամենը զինվորների հետ, շփումները շատ քիչ են եղել, այսինքն՝ զուտ ծառայության բերումով են զինվորները ունեցել իրենց վաշտի դասակի հրամանատարը, իսկ Եղիշե Հակոբյանը ինժեներական ծառայության սպա է, ով ունեցել է իր անմիջական հրամանատարը և կատարել է տարբեր հանձնարարություններ և էդ զինվորների հետ որևէ կերպ չի առնչվել ծառայության բերումով:

Ըստ պաշտպանի՝ դեպքից երեք շաբաթ առաջ կապիտանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել, բայց քանի որ չէր լրացել պայմանագրով ամրագրված ժամկետը, զորացրման զեկուցագիրը սպան փոխարինել է տեղափոխման խնդրանքով, սակայն չի հասցրել տեղափոխվել: Տուժողների հարազատներն այս օրերին նաև նշում էին՝ կապիտանի և զինվորների միջև լարված հարաբերություն է եղել, նույնիսկ վիճաբանություն: Սա ևս առանձին քննության է ենթարկվում՝ մանրամասնում է դատախազը:

Արշակ Մարտիրոսյան - Այդ կապակցությամբ ձեռնարկվում են մի շարք քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, ինչպես նաև հանձնարարություններ են տրված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Մարտիրոսյանը հավելում է՝ նախաքննությունը ակտիվ փուլում է, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվում են բազմաթիվ քննչական և այլ վարութային գործողություններ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում