«Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտը Երևանում ավարտվեց

ԼԼիլիթ Ասատրյան

Հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» արդեն պատմություն է՝ հրաշքը 16 երկրի մասնակիցները միասին պտտեցին Հայաստանում:

Հանդիսատեսի առցանց քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ձայների համամասնությամբ եվրատեսիլյան հեքիաթն իր հետ հայրենիք կտանի Ֆրանսիայի պատվիրակը՝ Լիսանդրոն: Հայաստանը նույնպես լավագույնների շարքում է, Նարեն Dance երգով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Լիսանդրո («Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող) - Տեր իմ Աստված, այնքան երջանիկ եմ, խոսքեր չեմ գտնում այս ուրախությունն արտահայտելու համար, այնքան հպարտ եմ իմ գեղեցիկ թիմով, շնորհակալ եմ վստահության համար:

Հաղթողին առաջինը շնորհավորում են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպիչներն ու մրցույթի գործադիր ղեկավարը:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Շնորհավորում եմ հաղթողին և ուզում եմ հիշեցնել, որ մենք հաղթել են Փարիզում, Մալենան հենց Ֆրանսիայում էր հաղթել «Եվրատեսիլը», ստացվում է այնպես, որ մենք «Եվրատեսիլը» վերադարձնում ենք Ֆրանսիա, ինչի համար շնորհավում եմ ձեզ և ամբողջ թիմին, համարն իրոք հրաշալի էր:

Մարտին Օսթերդալ («Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար) - Ինչպիսի՜ աստղային կատարում ունեցար այսօր, քո թիմը, ինչպես ասացիր, քո ընտանիքն է, դուք փայլել եք ամբողջ շաբաթվա ընթացքում:

Հաղթողի խոսքով՝ Նարեի հետ հասցրել են ընկերանալ, իսկ նրա երգը շատ է հավանել, հայկական կողմին շնորհակալ է Երևանում անցկացրած հրաշալի օրերի համար:

Լիսանդրո - Նարեին շատ եմ սիրում, գեղեցիկ անձնավորություն, գեղեցիկ արտիստ է, սիրում եմ նրա երգն ու մտքումս անընդհատ երգում Նարեի Dance-ը:

Հայաստանից հետո լավագույն եռյակը 161 միավորով եզրափակեց Վրաստանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր: Միջազգային չափանիշներին համապատասխանող բեմը, լուսաձայնային և նկարահանող տեխնիկան, որոնք բերվել էին Եվրոպայից, մանկական տոնակատարությունն էլ ավելի շքեղ դարձրին:

Համերգի ընթացքում մասնակիցները երաժշտության լեզվով խոսեցին խաղաղության, պատերազմի, բնապահպանական խնդիրների, սիրո ու զվարճանքի մասին: Ելույթ ունեցան նաև նախորդ տարիների հաղթողները: Մալենան հանդիսատեսին ներկայացավ նոր երգով:

Ռոզա Լին էլ արդեն աշխարհին հայտնի դարձած Snap-ով ողջունեց հանդիսատեսին:

Տոնական շաբաթվա ընթացքում 16 պատվիրակները հասցրեցին ծանոթանալ Հայաստանի մշակույթին, խոհանոցին, սովորեցին հոլ խաղալ ու մասնակցեցին բազմաթիվ միջոցառումների, որոնք կազմակերպել էր Առաջին ալիքը:

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը մեկ տարի դադարից հետո կրկին կհյուրընկալի Ֆրանսիան:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում