Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում

ԴԴավիթ Մուրադյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները:

Արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ հայրենասեր ու անձնուրաց որդիներ դաստիարակելու համար՝ նշելով, որ իրենց վստահված դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

Արցախի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել եզդի ժողովրդին՝ ծանր օրերին մշտապես Արցախի կողքին լինելու համար:

«Գլուխ եմ խոնարհում և՛ բոլոր զոհված եզդիների՝ մեր պատերազմի ընթացքում, և՛ նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քույրերին և եղբայրներին, որոնք պատրաստակամ են մշտապես՝ և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, երեկ և այսօր և ամեն մի իրավիճակի փոփոխության հետ կապված, իրենց պատրաստակամության համար: Շնորհակալություն ձեզ և խոնարհումս ձեզ բոլորիդ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

«Արցախը մեր սրբավայրն է, մեզ համար Արցախի հարատևությունն այլընտրանք չունի, քանզի դարեր ի վեր ու մինչ օրս Արցախը եղել ու մնում է հայի արժանապատվությունը»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։

«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը մեծ կարևորություն է տվել օրվա իրադարձությանը, նշել, որ Քյարամն ազգությամբ եզդի առաջին մարտիկն է, որն արժանանում է Արցախի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ Արցախի հերոսի կոչմանը, ու այս իրադարձությունը հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում