«Արմավիր» ԲԿ մանկական վերականգնողական կենտրոնը խաղահրապարակ ունի

ՀՀայկուշ Ասլանյան

«Արմավիր» բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքն արդեն մանկական խաղահրապարակ ունի, որը կառուցվել է մարզպետարանի և մասնավորի գործակցությամբ:

Աննա Առուշանյան («Արմավիր» ԲԿ մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Խաղահրապարակը նախագծելիս հաշվի են առել բոլորի կարիքները՝ բոլոր ախտորոշումներով: Նախագծվել է այնպես, որ թերապիան անցկացվի և՛ հենաշարժական, և՛ զգացողության, և՛ վարքային ու հոգեբանական խնդիրներով երեխաների հետ:

Վերականգնողական սեանսներում ներառված են հենաշարժողական, խոսքի, լսողության, մտավոր, հոգեբանական և վարքային խնդիրներ ունեցող բոլոր երեխաները: Հարմարեցված խաղերը կսպասարկեն նաև անվասայլակով երեխաներին:

Մարիանա Մնացականյան (վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապևտ) - Ունենք աստիճան բարձրանալ-իջնելու՝ բալանսի, կոորդինացիայի համար, մանր մոտորիկայի հետ կապված նույնպես կարողանում ենք խաղեր կազմակերպել: Շփումը կարևոր է, իրենք իրենց հասարակության լիիրավ անդամ են զգում, տեսնում են՝ իրենք մենակ չեն, կան իրենց նման այլ երեխաներ, և կանք մենք:

Սա ոչ միայն առողջապահական, այլև ուսումնակրթական կենտրոն է, որտեղ ներառական երեխան մասնագետի օգնությամբ նաև մտածել ու տրամաբանել է սովորում:

Սաթենիկ Թովմասյան (Արմավիրի մարզպետի խորհրդական) - Իրենց համար այս օղակի մեջ մտնել և հասնել մյուս կետը՝ խնդիր է, այսինքն՝ պետք է երեխային հասկացնել, որ Ա կետից պետք է Բ կետը հասնի, այդ պատճառով պետք է մի կողմից երեխան մտնի, մյուսից կանչեն, որ հասկանա՝ դուրս է գալու:
 
Երեխայի զարգացման ու վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին «Արաբկիր» բժշկական համալիրի և Դանիայի, Շվեյցիարիայի ու Բելգիայի կառավարությունների համատեղ ծրագրով:

Սպասարկման աշխարհագրությունն ընդգրկուն է. այստեղ վերականգնողական բուժում են ստանում ոչ միայն Արմավիրի, այլև հարևան մարզերի ներառական երեխաները: Վերջերս էլ Կառավարությունն ավելի քան 150 մլն դրամ հատկացրեց՝ ինֆեկցրոն հիվանդանոցի հիմնանորոգման համար: Աշխատանքներն արդեն սկսվել են: Լավ լուր կա նաև եկող տարվա համար. կվերանորոգվի Արմավիրի պոլիկլինիկան:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Պոլիկլինիկան, որպես շենքային խնդիրներով կառույց, ներկայացվել է համապատասխան գերատեսչությանը, եղել են քննարկումներ: Նախնական պայմանավորվածություն կա քննարկելու հնարավորությունները և նախատեսելու 2023 թ. համար, քննարկումներն ընթացքի մեջ են:

Նոր խաղահրապարակն առաջիկայում կհամալրվի ևս մի քանի մարզագույքով, որոնք չափազանց կարևոր են անվասայլակով երեխաների վերականգնողական բուժման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում