Ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր՝ Իջևանում

ԳԳայանե Թամամյան

Իջևանի «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը կգործի նոր անունով ու բովանդակությամբ: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այն վերակազմավորվել է «Տավուշի Պատրիկ Տեվեճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի՝ ի պատիվ նահանգային խորհրդի նախկին նախագահ, երջանկահիշատակ Պատրիկ Դևեջյանի: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներդրումներով փոխվում են նաև շենքային պայմանները:

Հայկ Բրուտյան («Տավուշի Պատրիկ Տեվեճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար) - Հանրակացարանային սենյակները համալրվել են նոր գույքով, նախատեսված են մշտական տաք ջուր, սանհանգույց, կառուցվել է նաև ճաշարան, համալրվել նոր խոհանոցային գույքով:

Ոչ միայն մարզում, այլև մեր երկրում իր տեսակի մեջ առաջին՝ ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր հիմնելու վայրը պատահական չի ընտրվել: Տավուշի և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի ապակենտրոնացված գործակցությամբ Լուսաձոր գյուղում հիմնվեց «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը՝ եվրոֆերմայով, կաթի վերամշակման արտադրությամբ, որտեղ ուսանողները տեսական գիտելիքները կամրապնդեն գործնականով:

Պետրոս Թերզյան (Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ) - Հուսով ենք, որ այս առաջին նախաձեռնությունը վերջինը չի լինի, Ֆրանսիայի և Հայաստանի միջև այս գործակցությունը արդյունք կուտա:

Գործակցությունը կշարունակվի 2021-ին ստորագրված նոր հուշագրով․

Օ դը Սենի նահանգային խորհրդի նոր նախագահի խոսքով՝ կարող ենք հպարտ լինել այն ամենով, ինչ արվել է և դեռ պիտի արվի:

Ժորժ Սիֆրեդի (Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ) - Իսկապես ժամանակն է ներառելու կրթական ոլորտը, որպեսզի պատրաստենք երիտասարդների, որոնք կկարողանան իրենց ձեռքը վերցնել այս ամենը: Առաջիկա 4 տարում կշարունակենք սկսած գործը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կառավարության ծրագրում կարևորվում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, հատկապես՝ գյուղատնտեսական ուղղվածությամբ կրթությունը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն էր Տավուշ: Աջակցություն հայտնելով ապակենտրոնացված գործակցությանը՝ կարևորում է երկու ճյուղերն էլ՝ գյուղատնտեսական և կրթական:

Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Սրանք կարևոր բնագավառներ են, որովհետև մի կողմից՝ հնարավորություն են տալիս աջակցելու մարզի տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ օգնում տեղում պահելու երիտասարդներին:

Քոլեջի նոր՝ «Գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտության առաջին ընդունելության քննությունը մրցութային էր, ինչն անակնկալ էր, հիմա ամենամեծ լսարանն ունի, քիչ չեն աղջիկները:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սա ցույց է տալիս, որ գյուղատնտեսական կրթությունը ունի հեռանկար մեր երկրում, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպվեն, ապա մենք կարող ենք նաև որակյալ կադրեր ունենալ և դրանով իսկ համալրել այնքան կարևոր ոլորտը: Այստեղ ներդրվում են այն կրթական չափորոշիչները, որոնք համահունչ են ֆրանսիական գյուղատնտեսական կրթության մոդելին, ունենալու ենք վերապատրաստումների մի ամբողջ ծրագիր դասախոսների համար:

Նոր մասնագիտության հետ ապագայի նոր ծրագրեր է կապում 30 ուսանող՝ մարզի տարբեր համայնքներից: Գոշ գյուղից Հայկը ասում է՝ իրենց ընտանիքը ֆերմերային տնտեսություն ունի, այստեղ ստացած գիտելիքը կօգնի խելացի գյուղատնտեսությունը դարձնելու ելակետ: 

Իսկ քոլեջի բակում ծառատունկը, ֆրանսիացի հյուրերի խոսքով, հայ-ֆրանսիական գործակցության, ապագայի բոլոր ծրագրերի տևականության խորհուրդն ունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում